Home / Ոստիկանություն / Բաքուն նորից ցուցարարների է ձերբակալել

Բաքուն նորից ցուցարարների է ձերբակալել

Բաքվի կենտրոնում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են շուրջ 150 ցուցարարներ, հայտնել է «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության անդամ Զաֆար Ահմեդովը։ 

Ահմեդովը ընդգծել է, որ իրավապահ մարմինները անհամաչափ ուժ են կիրառել մասնակիցների նկատմամբ, ինչը տեղի չի ունեցել նախորդ ցույցի ժամանակ։ Մասնավորապես ձերբակալելու ընթացքում դաժան ծեծի է ենթարկվել Ազգային խորհրդի և «Մուսավաթ» կուսակցության անդամ Տոֆիգ Յագուբլուն ու մի շարք այլ ակտիվիստներ։ Մի խումբ ցուցարարների բերման են ենթարկել նույնիսկ մինչև ցույցի սկսելը, և ձերբակալվածների վերջնական ցուցակները դեռ պարզվում են։ 

«Լրագրողները նույնպես ճնշումների էին ենթարկվում, ընդ որում՝ «նորամուծություն» էր լրագրող ձևացող դեմքերի հայտնվելը, որոնք հրում ու խանգարում էին մեդիա ներկայացուցիչների աշխատանքը»,- ասել է Ահմեդովը։

Ցույցը կազմակերպվել էր «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության կողմից։ Ցուցարարները վանկարկում էին «Ազատությո՛ւն», «Հրաժարակա՛ն», «Ազատությո՛ւն, արդարությո՛ւն, ազգային կառավարությո՛ւն»՝ պահանջելով պահպանել հավաքների ազատությունը, բացել ցամաքային սահմանները, ազատել քաղբանտարկյալներին, անցկացնել ազատ և ժողովրդավարական բարեփոխումներ։ Նմանատիպ պահանջներով ակտիվիստները փողոց էին դուրս եկել նաև հոկտեմբերի 24-ին, ցույցերի ժամանակ ձերբակալվել էր շուրջ 100 ակտիվիստ։

Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ստորագրել է հատուկ կարանտինային ռեժիմին երկարաձգման մասին որոշում, որի համաձայն երկրի ցամաքային սահմանները նախատեսվում է փակ պահել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։

Հուլիսի 1-ից Ադրբեջանը փակել է ցամաքային սահմանները Թուրքիայի և Իրանի հետ։ Ռուսաստանի և Վրաստանի հետ երկրի սահմանները փակ են դեռևս 2020 թվականի ապրիլից։ Երկրի նախագահը դա պատճառաբանել էր համավարակային սահմանափակումներով՝ «որ մարդիկ չհիվանդանան»։ Հուլիսի 20-ին տասնյակ ադրբեջանցիներ Բաքվի նախարարների գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով բացել ցամաքային սահմանները։