Home / Բանտ / Խոշտանգումներից փախած չեչենին նորից բռնել են

Խոշտանգումներից փախած չեչենին նորից բռնել են

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են քվիր չեչեն Իդրիս Արսամիկովին, և, ենթադրաբար տարել են Չեչնիայի Շելկովսկի շրջանի ոստիկանական բաժին, որտեղ նրան նախկինում խոշտանգումների են ենթարկել՝ հայտնում է СК SOS խումբը, որը զբաղվում է Հյուսիսային Կովկասում ԼԳԲՏ անձանց և նրանց հարազատներին օգնություն տրամադրելով։

Իրավապաշպաններն ահազանգում են, որ չեչենի կյանքին վտանգ է սպառնում։

Արսամիկովը արտագաղթել էր Նիդերլանդներ, որտեղ ապաստարան էր ստացել․ Չեչնիա էր վերադարձել հոր թաղմանը ներկա գտնվելու նպատակով, իսկ հետադարձ ճանապարհին՝ օդանավակայանում, ձերբակալվել է։

Չեչենին ձերբակալող օպերաշխատողը օդանավակայանի իրավապահ մարմիններին որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ինչպես նաև հրաժարվել է ձերբակալվողի կարգավիճակի մասին տեղեկատվություն տալ նրա փաստաբանին։

Արսամիկովի մոտ խուճապի գրոհներ են սկսել (panic attack), ինչի պատճառով նրա համար բժիշկ են կանչել։ СК SOS-ը հաղորդել է, որ քվիր չեչենին հետախուզելու կողմնորոշումը Շելկովսկի ոստիկանական բաժնի պետն է տվել, ով նախկինում ձերբակալել և էլեկտրական հոսանքով խոշտանգել էր նրան՝ ստիպելով խոստովանել, որ նույնասեռական է։

Մինչ Արսամիկովի հետ կապը կորցնելը, նա հասցրել է իրավապաշտպաններին հաղորդել, որ իրեն նկուղ են տարել։ Ոստիկանները նրան ասել էին, որ իր հետևից չեչեն ուժայիններ են գալիս, և որ իր ձերբակալությունը կապված է Չեչնիայում «որոշ խնդիրների» հետ։

Օդանավակայան գնացած փաստաբանին չեն թողել տեսնվել նրա հետ, քանի դեռ ձերբակալությունը «նախաձեռնողները»՝ Չեչնիայի ներկայացուցիչները չեն ժամանել։

Արսամիկովի խոսքերով, նրան սեռական կողմնորոշման պատճառով հետապնդում են։ СК SOS-ի տվյալներով, 2018-ի ամռանը նրան ձերբակալել էին Գրոզնի քաղաքի մոտ, ինչից հետո պահում էին նկուղում և խոշտանգում էին՝ քանի որ իմացել էին տղամարդու հետ նրա ինտիմ կապի մասին։

Մոսկվայի ոստիկանությունը ընդունել է չեչեն ուժայինների կողմից խոշտանգվելու մասին նրա հայտարարությունը։ Իրավապաշտպանների օգնությամբ Արսամիկովին հաջողվել է փախնել Չեչնիայից և տեղափոխվել Նիդերլանդներ։

Իրավապաշտպանները պնդում են, որ Արսամիկովին կարող են մեղադրել խոշոր չափերի խարդախության հոդվածով։ Հայտարարությունը, որով չեչենի հանդեպ քրեական գործ են հարուցել, գրվել է 2021-ի դեկտեմբերին՝ երբ նա Նիդերլանդներում էր։

Չեչնիայի իշխանությունները կանոնավոր կերպով հետապնդում են ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչներին․ այս մասին ԵԱՀԿ-ում զեկուցել է ավստրիացի փորձագետ Վոլֆգանգ Բենդեկը։ Վերջինս չեչեն գեյերի դեմ արշավը ուղիղ կերպով կապում է ինչպես չեչեն հանրապետակաների այնպես էլ ռուսական իշխանությունների դիրքորոշման հետ։

Իրավապաշտպան կազմակերպությունները, ՄԱԿ-ը, Եվրամիությունը և ԱՄՆ-ն կոչ են արել ռուսական իշխանություններին մանրակրկիտ հետաքննել ԼԳԲՏ-անձանց նկատմամբ բռնությունների դեպքերը․ ՌԴ արդարադատության նախարարությունը ստուգում անցկացնելուց հետո հայտարարել է, որ Չեչնիայում ո՛չ գեյեր, ո՛չ էլ նրանց իրավունքների խախտումներ չի հայտնաբերել։