Հայաստանի տարածք ներթափանցած Ադրբեջանի երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք կալանավորվել են՝ հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Ապրիլի 11-ին Ագշին Գաբիլի Բաբիրովի, իսկ ապրիլի 14-ին՝ Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելը և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելը։
Ադրբեջանցիներին մեղադրանք է ներկայացվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապրիլի 10-ին հայտարարել էր, որ Նախիջևանի Շահբուզ շրջանի ուղղությամբ ադրբեջանցի երկու ժամկետայիններ են մոլորվել՝ «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններում»։
Նույն օրը ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ Հայաստանի տարածքում հայտնաբարվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, իսկ մյուս զինծառայողի «որոնողական աշխատանքները շարունակվում են»։ Ադրբեջանցի ժամկետայինները, ըստ հայկական կողմի նախնական վարկածի, Նախիջևանի դիրքերից փախել էին համածառայակիցների կողմից նվաստացումների ենթարկվելու պատճառով։
Երեք օր անց՝ ապրիլի 13-ին, Սյունիքի մարզի Աճանան գյուղի մոտակայքում տեղացիները գտել ու ծեծել էին երկրորդ զինծառայողին։ Վերջինիս բռնողները շտապեցին միանալ մամուլում տարածվող գրեթե անհիմն վարկածին, ըստ որի ադրբեջանցի զինվորը սպանել է Զանգեզուրի կոմբինատի պահակին։ Ծեծողներից մեկն, օրինակ, այդ արշավի մաս կազմող news.am լրատվական կայքին տված հարցազրույցում ասում է, որ զինվորի ձեռքին հեռախոս կար և «դա այն հեռախոսն էր, որին սպանված էին գտել կոմբինատում»։
Կապանի Շղարշիկ բնակավայրի ԶՊՄԿ պահնորդի սպանության մասին Քննչական կոմիտեն հայտարարել էր ապրիլի 13-ին, իսկ ավելի ուշ՝ հավելել, որ «հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել»։
Գլխավոր դատախազության այսօրվա հայտարարության մեջ սպանության հոդվածով մեղադրական եզրակացություն նույնպես չկա։
«Քրեական վարույթով դեռևս կոնկրետ անձանց վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։ Հանցագործություն կատարած անձին կամ անձանց բացահայտելու ուղղությամբ քննչական և այլ միջոցառումները շարունակվում են», – Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։
Հարցին՝ արդյոք ադրբեջանցուն բռնության ենթարկելու առթիվ հարուցվել է քրեական գործ, թե ոչ՝ ՔԿ ներկայացուցիչը պատասխանեց, որ «նման տեղեկություն չունի»։