հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մշակույթ / Ադրբեջանի մարզիկները լքում են Հայաստանը

Ադրբեջանի մարզիկները լքում են Հայաստանը

Առավոտյան հայտնի դարձավ, որ ադրբեջանցի մասնակիցները չեն շարունակի մասնակցությունը Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը և կվերադառնան Բաքու․ նրանք արդեն հատել են հայ-վրացական սահմանը։

Առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու «ակցիան» դատապարտել են Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունը, Ազգային օլիմպիական կոմիտեն, ավելի վաղ՝ նաև արտգործնախարարությունը։

Ադրբեջանի սպորտի նախարարությունը և օլիմպիական կոմիտեն տեղի ունեցածը գնահատել են որպես Հայաստանում «էթնիկ ատելության, ռասիզմի, ադրբեջանատյացության» դրսևորում, որը հակասում է սպորտի ազնիվ սկզբունքներին: Ադրբեջանի ԱԳՆ-ն «մտահոգիչ» է համարել այն, որ «միջոցառման կազմակերպիչները անվտանգության որևէ միջոցառում չեն ձեռնարկել ատելության նման դրսևորումների դեմ» և հավելել՝ «մեղավորները պետք է համապատասխան պատժի արժանանան»։

Բաքուն հայտարարել է մարզիկների վերադարձի մասին՝ հիմնավորմամբ, թե նման պայմաններում ադրբեջանցի մասնակիցների անվտանգությունն ապահովված չէ, և առաջնությանը նրանց նորմալ մասնակցությունն անհնար է։

Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարել Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը՝ «մարզական էթիկայի տեսանկյունից»։

«Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ: Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել», – հայտարարել է Երևանը։

Նախարարությունը հավելել է՝ Հայաստանը «հավատարիմ է մնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահաստատում Եվրոպայի 2023 թ. առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը»։

Երեկ երեկոյան Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամալիրում տեղի ունեցած բացմանը ներկաներից մեկը վազել էր բեմ, խլել Ադրբեջանի դրոշը և վառել այն։ Անվտանգության աշխատակիցները նրան հանել էին դահլիճից, այրված դրոշը փոխարինվել էր պահուստայինով և տրվել դրոշակակիր կնոջը։

Պարզվել է, դրոշ վառողը Հայաստանի հանրային հեռուստատեսության հագուստի դիզայներ Արամ Նիկոլյանն է։ «2․ Ադրբեջանի դրոշը ռուս աղջկա ձեռքն էին տվել, որ հայը չբռնի հանկարծ։ 3․ Էդ աղջկա հագի շորը, որի վրա նույնպես Ադրբեջանի դրոշ կա, հենց Նիկոլյանն է կարել։ 4․Դրոշն այրելուց հետո նորը տվեցին աղջկա ձեռքը՝ Ադրբեջանի պահեստային դրոշ կար», – գրել է մշակութային քննադատ Դավիթ Ստեփանյանը։

Նիկոլյանին բերման են ենթարկել, իսկ մի քանի ժամից՝ ազատ արձակել։

Նա հայտարարել է, թե իր արարքը «հայ տղամարդու, թասիբով հայի արարք էր»։