Ապրիլի 10-ին Հայաստան ներթափանցած ադրբեջանցի ժամկետայիններից մեկը՝ Հուսեյն Ախունդովը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) պահակի՝ Հ.Մ.-ի ուղղությամբ, վերջինս տեղում մահացել է: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Ըստ դատախազության՝ Ախունդովը սպանել է ԶՊՄԿ աշխատակցին նրա «բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրան հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ»։
Սպանությունից հետո Ադրբեջանի քաղաքացին «հափշտակել է Հ.Մ.-ի մարմնի կողքն ընկած բջջային հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով՝ դիմել է փախուստի»:
Ախունդովը, հեռանալով դեպքի վայրից, գողացած բջջային հեռախոսի միջոցով նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով. «(…) փառք Աստծո հաջողությամբ հասել ենք Հայաստան և գլխատել 400-ից 500 հայերի, մենք դավաճան չենք, և հույս ունենք հաջողությամբ վերադառնալ Ադրբեջան (…)»: Այնուհետև նկարահանված տեսաուղերձը հրապարակել է սոցիալական ցանցի իր էջում:
Ադրբեջանցի զինծառայողը ոտքով հասել է Սյունիքի մարզի Աճանան գյուղ, որտեղ նրան հայտնաբերել են պատահական անցորդները, ովքեր, «պարզելով նրա՝ Ադրբեջանի զինված ուժերի ծառայող լինելու հանգամանքը, վնասազերծել են նրան և հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին»՝ գրում է դատախազությունը:
Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին տեղացիները Աճանան գյուղի մոտակայքում գտել էին Ախունդովին ու ծեծել։ Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է՝ ինչպես են ոտքով հարվածում գետնին ընկած ադրբեջանցի զինվորի արնոտված դեմքին։
Ախունդովին բռնողները և որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ ադրբեջանցի զինվորը սպանել է Զանգեզուրի կոմբինատի պահակին։ Ծեծողներից մեկն, օրինակ, news.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ զինվորի ձեռքին հեռախոս կար և «դա այն հեռախոսն էր, որին սպանված էին գտել կոմբինատում»։
Միջնորդություն է ներկայացվել Հուսեյն Ախնուդովի նկատմամբ նախօրեին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:
Հարուցված նախորդ հոդվածներին (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելը և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելը) ավելացել են նաև քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ և 15-րդ կետերը՝ շահադիտական դրդումներով, այլ հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով և ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանրորեն վտանգավոր արարքները։
Ավելի վաղ՝ այսօր առավոտյան, ՔՊ պատգամավոր, ծնունդով կապանցի Նարեկ Ղահարմանյանն «Ազատության» հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողը ինքն է խոստովանել սպանության մասին։