Սլավոնական համալսարանի երկարամյա ռեկտորը լքում է պաշտոնը․ Արմեն Դարբինյանը ուսանողներին խնդրել է ոչ թե պաշտպանել իրեն, այլ թույլ տալ «լինել ազատ»։
Օրեր առաջ Դարբինյանը տեղեկացրել էր՝ մայիսի 14-ին լրանում է իր, որպես Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի, լիազորությունների ժամկետը։
«Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու ևս հինգ տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը:
Նման աջակցություն սակայն երկու կողմերից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ», – գրել է Սլավոնական համալսարանի ղեկավարը։
Դարբինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի «բոլոր ժամանակների կառավարություններին»՝ 21 ու կես տարի Սլավոնականի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու, իսկ «նրանց, ովքեր հավատացել են իր տեսնալականին»՝ «մեր հեքիաթային աշխարհը» կերտելու համար։
Ռեկտորի գալիք ընտրություններին նա չի մասնակցելու։ Չի բացառում, որ առաջիկայում մասնավոր համալսարան կստեղծի։ «Սա իհարկե կպահանջի սոլիդ ֆինանսական ներդրումներ, և այս իմաստով ես բաց եմ առարկայական ու հետաքրքիր առաջարկությունների համար», – նշել է Դարբինյանը և հավել․ «Եղել և մնում եմ Հայի, Հասարակության և Պետության Սուվերենության և՛ զինվորը, և՛ հրամանատարը»։
Ռեկտորի այս հայտարարությունից հետո ֆեյսբուքում ֆլեշմոբ է սկսվել՝ համալսարանի աշխատակազմը և ուսանողները գովեստի խոսքեր են հղում ղեկավարին և պահանջում շարունակել պաշտոնավարումը։
Դարբինյանի խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը հանրագիր է ստեղծել change.org կայքում։
Հայ-Ռուսական համալսարանի ուսանողության, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի բոլոր ներկայացուցիչների անունից հանրագիրը պահանջում ԿԳՄՍՆ-ից, մասնավորապես, «ապահովել ընտրված ռեկտորի պաշտոնական նշանակումը» և «հրապարակայնորեն ներկայացնել բազմամյա ռեկտոր Դարբինյանի աշխատանքի գնահատականը և նրան գալիք ընտրություններում չսատարելու հիմնավորումները»:
Համալսարանի ուսխորհուրդն էլ հայտարարություն է տարածել, որով ռեկտորի հետ հանդիպում է պահանջում։ Ուսանողներին հորդորում են ապրիլի 21-ին հավաքվել Համալսարանի Մշահույքի տանը, ռեկտորին՝ գալ և անդրադառնալ «հուզող բոլոր հարցերին»։
Դարբինյանն ի պատասխան խնդրել է իրեն ազատ թողնել։
«Իմ սիրելի երեխաներ (ребятки), ՀՌՀ ուսանողներ և շրջանավարտներ։ Մեծ խնդրանք ունեմ, գուցե, վերջին խնդրանքս՝ վաղը մի՛ հավաքվեք։ Այն հարցերից, որոնք կուտակվել են ձեզ մոտ, կպատասխանեմ ամենակարևորին՝ ԱՅՈ, ԵՍ ԻՆՔՍ ԵՄ ԳՆՈՒՄ, սա իմ որոշումն է։ Դուք գիտեք, որ եթե ես ուզենայի մնալ, կմնայի՝ չնայելով անգամ «երիտասարդ ռեֆորմատորների» տիտանական ջանքերին։
Ես 21 տարի շարունակ ձեզ ընտելացրել եմ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ, պաշտպանել եմ ձեր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, և կարծում եմ, որ միանգամայն արժանի եմ սեփականին։ Թույլ տվեք ինձ լինել ազատ․․․», – գրել է դեռևս գործող ռեկտորը՝ ռուսերեն։
2022 թվականին Հայաստանի իրավապահները՝ Ռուսաստանի գլխավոր դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա, քրեական գործ էին հարուցել ընդդեմ ՀՌՀ-ի (և Դարբինյանի)՝ 2020-21-ին համալսարանում ենթադրյալ ֆինանսական/բյուջետային չարաշահումների, վատնումների և յուրացումների հիմքով։
Դարբինյանը սա քաղաքական հետապնդում էր որակել։ «Ռուսաստանյան որոշ շրջանակներ, ինչպես երևում է, չեն կարող ներել ինձ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իմ դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը․․․ ես հրապարակայնորեն հակադրվեցի Դմիտրի Մեդվեդևին և Դմիտրի Պեսկովին․․․ ինձ չի ներվել նաև Մարգարիտա Սիմոնյանին ուղղված իմ բաց նամակը․․․ Եվ ահա այս շրջանակները․․․ արդեն մոտ երկու տարի է ինչ ջանք չեն խնայում վարկաբեկելու համար և’ իմ, և Հայ֊Ռուսական համալսարանի բարի համբավը և հեղինակությունը․․․ Համալսարանի և իմ նկատմամբ մեկ տարի առաջ իրականացված ԱԱԾ ձախողված գրոհը նույն այս շարքից էր»։
Մինչ այդ՝ 2021-ին, խոսակցություններ էին շրջանառվում ՀՌՀ-ի և Դարբինյանի նկատմամբ մեկ այլ քրգործի հավանական հարուցման մասին։ Եթե 2022-ին Դարբինյանը հայտարարում էր, որ իրեն փորձում են հետապնդել Ռուսաստանի պատվերով, 2021-ին նա պնդում էր, որ ճնշումների է ենթարկվում անձամբ «հայ-ռուսական բարեկամությանը անհաղորդ» Նիկոլ Փաշինյանի հրահանգով։
տե՛ս Հայր մեր, որ ռեկտոր ես․ ռեպորտաժ հանրահավաքից