ՀՀԿ փոխնախագահ, կրթության նախկին նախարար, ընդդիմադիր ակտիվիստ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է։
Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ։ Գործը վերաբերում է բժշկական համալսարանի կես միլիոն դոլարանոց ապարտամենտներին, որոնք տարիներ առաջ «գնվել էին» դաշնակցական Իշխան Սաղաթելյանի ընտանիքից։
Քննչական կոմիտեից պնդում են, որ նախկին նախարարը խախտել է իր նկատմամբ սահմանված խափանման միջոցի պայմանները։ Լրացվել է նաև մեղադրանքը՝ վատնում կազմակերպելու հոդվածով։
Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, առաջիկայում կարող է նաև կալանավորվել՝ հայտարարել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը․ «12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց հարցը քննարկելու համար։ Որպես ձերբակալման հիմք որոշման մեջ նշված է, որ նա խախտել է բացակայելու արգելք՝ խափանման միջոցի պայմանները։ Ինչո՞վ է խախտել՝ նշված չէ։ Քննիչին էդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել»։
Փաստաբանը ծիծաղելի է համարում, որ մեղադրանքը լրացրել են վատնման հոդվածով։
Կրթության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր քաղաքական գործիչ Աշոտյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է Երևանի պետական բժշկական համալսարանի հանգստյան տների գործարքին, որով անցնում է նաև բժշկականի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը։
տես Աշոտյանը` մայրաքաղաքային աղցանի մասին
Դեռևս 2019 թվականին ՊՎԾ-ն զեկույց էր կազմել, ըստ որի՝ բժշկականի նախկին ռեկտորի օրոք համալսարանը Սևանի «Ծովասար» հանգստյան գոտում (պատկանում է գործող պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանի ընտանիքին) կես միլիոն դոլարով ապարտամենտներ է գնել։ Աշոտյանն այդ ժամանակ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ էր։
Անցյալ տարվա նոյեմբերին Աշոտյանին թույլ չէին տվել գնալ երկրից և տարել էին հարցաքննության։