Կարմրուկով հոսպիտալացված 1 տարեկան 8 ամսական երեխան ժամեր անց մահացել է։ Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ և կարմրուկի դեմ պատվաստված չի եղել:
Հոկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք: Ներկայումս հոսպիտալացված է 4 հիվանդ։
Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 328-ը երեխաներ են, 143-ը՝ մեծահասակներ: Արձանագրված կարմրուկի դեպքերի 93%-ը կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է: