Մարտի 10-ի առավոտվա դրությամբ Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի: Նրանցից 15-ը հոսպիտալացված են, 14-ը դուրս են գրվել լավացումով, իսկ 17-ը հոսպիտալացման կարիք չեն ունեցել և ստանում են բուժումը տանը, միաժամանակ գտնվելով բժշկական վերահսկողության տակ։ Հիվանդների առողջական վիճակը, մեծամասամբ, գնահատվում է միջին ծանրության:
Ըստ լաբարատոր հետազոտությունների, վերջին ժամանակահատվածում կարմրուկի դրական հաստատված դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է՝ մարտի 10-ի մամուլի ասուլիսին նշել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։
Նա հաղորդել է, որ վարակվածներից 30-ը մինչև 8 տարեկան երեխաներ են, իսկ 16-ը մեծահասակներ (մինչև 64 տարեկան)։ Դեպքերը գերազանցապես Երևանում են, սակայն մարզերում նույնպես որոշ հիվանդացություններ են գրանցվել։
Հայաստանում լիարժեք պատվաստում ստացածները կարմրուկով չեն վարակվել
Մարտի 4-ից ի վեր հաստատված կարմրուկով վարակվածներից 43-ը պատվաստված չի եղել, 3-ը պատվաստվել են միայն մեկ դեղաչափով՝ առողջական խնդիրների, կամ երկրորդ դեղաչափը ստանալու տարիքը չլրանալու հետ կապված (կարմրուկի պլանային պատվաստման երկրորդ դեղաչափը երեխաները ստանում են 4-6 տարեկանում, առաջինը՝ 1-ում)։
Ըստ Գայանե Սահակյանի, նախորդ տարիներին նույնպես Հայաստանում չի գրանցվել որևէ դեպք, երբ պատվաստման 2 դեղաչափ ստացած որևէ անձ հիվանդացել է կարմրուկով։
Նրա խոսքերով, այս պահին Հայաստանում բոլոր պոլիկնինիկաները հագեցված են համապատասխան պատվաստանյութով։
Սահակյանը նաև նշել է, որ երեխաների պլանային պատվաստման ընդգրկվածությունը Հայաստանում բավականին բարձր է՝ մինչև կորոնավիրուսային համավարակը այդ ցուցանիշը եղել է 96-97%, իսկ համավարակի առաջին երկու տարիների ընթացքում մոտ 2 տոկոսով նվազել է՝ պատվաստվել են երեխաների 94-95%-ը։
ՀՀ քաղաքացիների համար պլանային պատվաստումներն անվճար են։ Օտարերկրյա քաղաքացիները, ըստ Գայանե Սահակյանի, նույնպես կարող են անվճար պատվաստվել մարտի 9-ից Ամիրյան 2 հասցեում գործող շարժական պատվաստումային կետում։
Առողջապահության նախարարությունը հորդորում է կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ (ԿԿԽ՝ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ եռավալենտ պատվաստում) չստացած երեխաների ծնողներին՝ դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Պատվաստվել է խորհուրդ տրվում նաև կարմրուկով հիվանդների հետ շփված և պատվաստանյութի 2 դեղաչափ չստացած անձանց։
Կարմրուկի մասին
Կարմրուկը վիրուսային սուր վարակ է, որը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիմնականում համարվում է մանկական, թեև կարող են վարակվել նաև մեծահասակները, ընդ որում, վերջիններիս մոտ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում։
Վիրուսը խիստ վարակիչ է՝ հեշտ է փոխանցվում և 1 հիվանդ մարդը կարող է վարակել 18-20 անձանց։ Բացի այդ, վիրուսը կայուն է արտաքին միջավայրի պայմանների նկատմամբ և երկար է պահպանվում։
Հիվանդության հիմնական ախտանիշը ցանն է, որը հիմնականում առաջանում է վարակից 3-4 օր անց և կարող է տեղակայվել ամբողջ մարմնի վրա։ Ցանի հետ միասին հիվանդների մեծամասնությունը ջերմություն են ունենում։
2007 թվականից հիվանդությունը Հայաստանում համարվում էր էլիմինցված՝ քաղաքացիների մեջ վարակի դեպքեր չէին գրանցվում։ Այժմ վարակի բռնկումը, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենի, բերովի է և կապված է այլ երկրից Հայաստան եկած չպատվաստված քաղաքացիների հետ։
Կարմրուկով հիվանդները ցանի արտահայտումից հետո վարակիչ են շուրջ 4-5 օր։ Նման կլինիկական նշանների և հոսպիտալացման ցուցումների բացակայության դեպքում, հիվանդը պետք է մեկուսանա մոտ 1 շաբաթով։ Կլինիկական որևէ նշան չունենալու դեպքում, կարմրուկով հիվանդների հետ շփում ունեցած անձանց մեկուսացնելու կարիք չկա։
Հայաստանում վերջին անգամ կարմրուկի բռնկում է գրանցվել 2004-2006 թվականներին, որի ժամանակ երկրում գրանվել է կարմրուկով վարակվելու շուրջ 4064 դեպք։ Ի պատասխան, 2007 թվականին երկրում լրացուցիչ պատվաստումների արշավ է ձեռնարկվել․ որպես թիրախային խումբ են ընտրվել 6-28 տարեկան անձինք, ովքեր նախորդող բռնկման ժամանակ հիվանդների մեծամասնությունն էին կազմում։