Միացյալ Նահանգներում դատապարտյալին մահապատժի են ենթարկել մաքուր ազոտի միջոցով։ Տղամարդը շնչահեղձ է եղել։ Ալաբամա նահանգի գլխավոր դատախազը սա պատժի «արդյունավետ և մարդասիրական» մեթոդ է որակել և գոհունակությամբ հայտարարել․ «Վերջապես արդարադատությունը հաղթանակեց»։
58-ամյա Քենեթ Յուջին Սմիթը դատապարտվել է 1988 թվականին՝ մի կնոջ սպանության համար։ Անցած տարիների ընթացքում նա երեք անգամ փորձել է բողոքարկել մահապատժի դատավճիռը։ Դիմումները մերժվել են։
2022 թվականին Սմիթին փորձել են մահապատժի ենթարկել մահացու ներարկման միջոցով։ Փորձը ձախողվել է՝ ընթացակարգն իրականացնող սպաները չեն կարողացել ասեղը երակ մտցնել։ Մահապատիժը ժամանակավորապես հետաձգվել է։
BBC-ի փոխանցմամբ, Քենեթ Սմիթին սպանել են հունվարի 25-ին՝ Ալաբամա նահանգի Աթմոր քաղաքի բանտում: Դատավճիռն ի կատար է ածվել՝ հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Սթիվ Մարշալը։ Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին հավելել է՝ «համակարգը խաբելու երեսունամյա փորձերից հետո Սմիթը պատասխան է տվել իր սարսափելի հանցանքի համար»։
Նահանգի իշխանությունները հավաստիացրել են՝ ամեն ինչ արվել է ըստ սահմանված կարգի։ Հայտարարվում էր, թե մի քանի վայրկյանի ընթացքում Սմիթը կկորցնի գիտակցությունը, մի քանի րոպե հետո՝ շնչահեղձ կլինի։
Պրոցեդուրան սկսվել է տեղական ժամանակով ժամը 19։56-ին։
Բանտարկյալին հագցրել են հատուկ դիմակ, որի միջոցով մաքուր ազոտը սկսել է ներթափանցել օրգանիզմ․ թոքերում այն արտամղել է թթվածինը, ինչը հանգեցրել է թթվածնային քաղցի և մահվան։
Իշխանությունները զեկուցել են՝ 15 րոպե շարունակ դիմակի միջոցով ազոտ է ներթափանցել օրգանիզմ։ 29 րոպե անց բժիշկներն արձանագրել են մահը։
Ներկաների վկայությամբ, մահապատժի մեկնարկից հետո Սմիթը գիտակցությունը չի կորցրել՝ առաջին րոպեներին նա արթուն էր։
«Այսօր Ալաբաման ստիպեց մարդկությանը ևս մեկ հետքայլ անել, – մահապատժից առաջ ասել է բանտարկյալը․ – Շնորհակալություն, որ աջակցեցիք ինձ։ Սիրում եմ ձեզ»։
Մահապատժի կատարմանը ներկա են եղել 5 ԶԼՄ-ների թղթակիցները։ Մահապատժից առաջ Սմիթին թույլատրել են տեսակցել ընտանիքի անդամներին, երկու ընկերներին։ Նրան տերտեր և փաստաբան է այցելել։
Մահապատիժը դատապարտել են մի շարք բժշկական փորձագետներ, իրավապաշտպաններ։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է արել հրաժարվել պատժի այդ ձևից՝ ընդգծելով, որ ազոտային շնչահեղձության միջոցով մահապատիժը հավասար է խոշտանգումներին:
Որտե՞ղ են մահապատիժներ կիրառում
Ըստ Death Penalty Clearinghouse-ի՝ 2022 թվականին ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել 18 մարդ։
Մահապատիժը լայնորեն կիրառվում է նաև Չինաստանում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում։
Օրեր առաջ Ճապոնիայում կախաղան էին հանել հրկիզման (հանգեցրել է 36 հոգու մահվան) մեջ մեղադրվող դատապարտյալին։ Ամեն ամիս մահապատժի մասին հաղորդումներ են ստացվում նաև Իրանից՝ մարդկանց սպանում են գողության, թմրավաճառքի, սեռական կողմնորոշման, քաղաքական գործունեության, բռնարար ամուսիններին սպանելու համար։
Իրավապաշտպանների տվյալներով՝ մահապատիժն ամենաշատը Չինաստանում է կիրառվում։ Համարվում է, որ այնտեր տարեկան հազարավոր մարդկանց են մահվան դատապարտում։ Սպանվածների անունները չեն հրապարակվում, դատավճիռների կատարման մասին իշխանությունները չեն հաղորդում։ Ո՛չ թվեր կան, ո՛չ էլ հավաստի վիճակագրություն։
Amnesty International-ի տվյալներով, 2022 թվականին
— 55 երկրում մահապատիժ է կիրառվել,
— դրանցից 9-ում այն կիրառվել է միայն ծանրագույն հանցագործությունների ( բազմակի սպանություններ, ռազմական հանցագործություններ) համար,
— 23 երկիր թույլատրում է մահապատիժը, բայց վերջին տասը տարիների ընթացքում չի կիրառում այն։
Տվյալները հիմնվում են պաշտոնական հաղորդագրությունների, ԶԼՄ-ների հրապարակումների, մահապատժի դատապարտված անձանց հարազատների և փաստաբանների վկայությունների վրա։
Չինաստանը տվյալներ առհասարակ չի տրամադրում։ Պաշտոնական հաղորդագրություններ չեն լինում նաև Իրանում՝ մահապատիժների մասին հաղորդում են իրավապաշտպան կազմակերպությունները։
Չինաստանը չհաշված, ըստ Amnesty International-ի՝ 2022 թվականին 20 երկրներում առնվազն 883 մարդ է մահապատժի ենթարկվել․
576-ից ավել մարդ կախաղան է հանվել Իրանում, 196 հոգի մահապատժի է ենթարկվել Սաուդյան Արաբիայում, 24 հոգի՝ Եգիպտոսում, 18-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 11-ը՝ Սինգապուրում, 11-ից ավելին՝ Իրաքում, 7-ը՝ Քուվեյթում․․․
Բելառուսը միակ եվրոպական և հետխորհրդային երկիրն է, որտեղ մահապատիժները թույլատրված են և կիրառվում են։ «Вясна» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, ամեն տարի Բելառուսում մեկից մի քանի մարդ է մահվան դատապարտվում (2017-ին՝ 4, 2018-ին՝ 2, ․․․2022-ին՝ 1)։
2021-ին 56 տարբեր երկրներում կայացվել է մահապատժի առնվազն 2052 դատավճիռ։ 2017 թվականից ի վեր սա ամենաբարձ ցուցանիշն է։
Բանտարկյալներից շատերը տարիներ (և նույնիսկ տասնամյակներ) են անցկացնում մահապարտների խցերում՝ նախքան պատժի կատարումը։