Քուվեյթում վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ է իրականացվել, հաղորդել է պետական KUNA գործակալությունը։ Մահվան են դատապարտվել սպանության մեջ մեղադրվող 7 անձինք՝ չորս քուվեյթցի, մեկ պակիստանցի, մեկ սիրիացի և մեկ եթովպացի։ Նրանցից երկուսը կանայք էին։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպութունը դատապարտել է մահվան դատավճիռը։ Կազմակերպությունը կոչ է արել Քուվեյթին ամբողջովին վերացնել մահապատիժները, քանի որ դրանք «կյանքի իրավունքը խախտող ծայրահեղ դաժան, անմարդկային և նվաստացուցիչ պատիժներ են»։
Քուվեյթում մահապատիժ չի իրականացվել 2017 թվականի հունվարի 25-ից ի վեր, երբ կրկին 7 անձանց էին կախել, այդ թվում՝ երկրում 2,5 դար իշխանության գլուխ կանգնած թագավորական ալ-Սաբահ ընտանիքի անդամներից մեկին։
Պարսից ծոցին հարակից տարածաշրջանում մահվան դատավճիռները բացականին տարածված են, մասնավորապես՝ մեծաթիվ մահապատիժներ են իրականացնում Իրանը և Սաուդյան Արաբիան։ Այս տարվա մարտին Սաուդիան Արաբիայում մեկ օրում մահապատժի էին ենթարկել 81 մարդու, ինչը թագավորության ժամանակակից պատմության մեջ խմբակային մահապատժի ամենահայտնի դեպքն էր։
Քուվեյթում մահվան դատավճիռները հայտնվել են 1960-ականների կեսերին։ Ըստ Al Jazeera գործակալության՝ մարդկանց մահապատժի ենթարկելու ամենատարածված պատճառը սպանություններն են և թմրանյութերի շրջանառությունը։
2021-ի ընթացքում հայտնի են շուրջ 18 երկրների կողմից իրականացված 579 մահապատժի դեպքերի մասին։ Նկարում պատկերված են 2021 թվականին աշխարհում տարածված մահապատժի ձևերը՝ ըստ երկրների (նարնջագույնով նշված են գնդակահարումները, դեղինով՝ մարդկանց կախելը, բաց կապույտվ՝ գլխատումները, մուգ կապույտով՝ մահաբեր ներարկումներ)։
Նկարը՝ Amnesty International-ից