Home / Բանակ / Զավթիչների դատաստանը վճռեց սպանել գերեվարված բրիտանացիներին ու մարոկկացուն

Զավթիչների դատաստանը վճռեց սպանել գերեվարված բրիտանացիներին ու մարոկկացուն

Ռուսամետ անջատողականների վերահսկողության ներքո գտվող Դոնեցկի դատարանը օտարերկրացի երեք ռազմագերիների՝ Բրիտանիայի երկու և Մարոկկոյի մեկ քաղաքացու դատապարտել է մահապատժի։ Երեքն էլ Ուկրաինայի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ էին (պայմանագիր էին կնքել դեռ մինչև Ռուսաստանի ներխուժումը), գերեվարվել են

«Իշխանությունը զավթելու փորձի» համար

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության դատարանը բրիտանացիներ Շոն Փիներին և Էյդըն Ասլինին և Մարոկկոյի քաղաքացի Սաադուն Բագիմին մեղավոր է ճանաչել վարձկանության, իշխանությունը բռնի զավթելու փորձի և ահաբեկչություն իրականացնելու նպատակով նախապատրաստություն անցնելու մեջ։

Երեքն էլ ուկրաինական բանակի պայմանագրային զինծառայողներ էին, ծառայության էին անցել փետրվարի 24-ից առաջ․ վերջին մի քանի տարիներին ապրում էին Ուկրաինայում, նրանցից մեկը նաև քաղաքացիություն ուներ։ Երեքն էլ դատապարտվել են մահապատժի։

Դատավարությունը երկար չի տևել՝ մի քանի նիստ։ Նիստերը լրագրողներին հասանելի չէին։ Դատական պրոցեսի մասին հասանելի ողջ տեղեկությունը հրապարակվել է ռուսական պետական լրատվամիջոցներում, որոնք պնդում էին, թե մեղադրյալները խոստովանել են, որ «ահաբեկչական գործունեություն ծավալելու նպատակով նախապատրաստություններ են անցել»․․․

Գերեվարվել են Մարիուպոլից

BBC-ի տվյալներով՝ բրիտանացի Էյդըն Ալինը Ուկրաինա էր տեղափոխվել 2008 թվականին։ Եկել էր ընկերուհու մոտ, պլանավորում էր ամուսնանալ։ Որոշ ժամանակ անց նա պայմանագրային ծառայության էր անցել Ուկրաինայի բանակում, դարձել ծովային հետևակային։ Երկքաղաքացի էր․ ուներ և՛ Բրիտանիայի, և՛ Ուկրաինայի քաղաքացիություն։

Ասլինը կռվել և գերեվարվել է ռուսական բանակի կողմից ամբողջությամբ ոչնչացված Մարիուպոլում, որը ապրիլի վերջին՝ շուրջ 2 ամիս տևած դաժան մարտերից հետո, անցավ Ռուսաստանի վերահսկողության տակ։

21-ամյա մարոկկացի Սաադուն Բրագիմը նույնպես Մարիուպոլից է գերեվարվել։ Արդեն Դոնեցկում նա ասել է, որ Մարոկկոյում աշխատանք գտնել չէր կարողանում, այդ իսկ պատճառով 2019 թվականին տեղափոխվել է Ուկրաինա։ Մոտ մեկ տարի լեզու է սովորել, հետո ընդունվել է Կիևի պոլիտեխնիկ համալսարան։ 2021-ին երեք տարով պայմանագիր է կնքել և Էյդընի հետ, որին գիտեր սոցցանցերից, ծառայության անցել ուկրաինական բանակում։

Բրիտանացի Շոն Փիներն էլ, ազգականների խոսքով, կնոջ հետ Ուկրաինա է տեղափոխվել մի քանի տարի առաջ։ Ավելի ուշ նա ուկրաինական բանակում երեք տարի ժամկետով պայմանագրային զինծառայության է անցել․ պայմանագրի ժամկետները լրանում էին այս տարեվերջին։

Երեքն էլ մասնակցել են պաշարված Մարիուպոլի ինքնապաշտպանությանը։ Մայիսի վերջին զինծառայողները, որոնք շաբաթներով պատսպարված էին «Ազովստալում», հանձնվեցին։ Ազովստալից ընդհանուր առմամբ 2439 մարդ է պահվում Ռուսաստանում և Ուկրաինայի՝ Ռուսաստանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։

Լոնդոնում «խորը մտահոգված են»

Բրիտանիայի վարչապետի աշխատակազմից մահապատժի առչությամբ խորը մտահոգություն են հայտնել։

«Ռազմագերիներին չի կարելի քաղաքական շահարկումների առարկա դարձնել․․․ Ժնևյան կոնվենցիայի համաձայն, ռազմագերիները պատերազմի մասնակցի կարգավիճակ ունեն և չեն կարող պատասխանատվության ենթարկվել դրա համար», – հայտարարել է Բորիս Ջոնսոնի խոսնակը։

Բրիտանիայի փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը խոստացել է բողոքարկել վճիռը, արտգործնախարար Լիզ Տրասն էլ հայտարարել էր, թե «դատավճիռը ամբողջությամբ կեղծիք էր և չունի որևէ լեգիտիմությունը»։

Շոն Փիներն ու Էյդըն Ասլինը ավելի վաղ դիմել էին Բրիտանիայի վարչապետին․ գերիները խնդրում էին միջնորդել, որ իրենց փոխանակեն Ուկրաինայում ձերբակալված քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի (մեղադրվում է պետական դավաճանության մեջ) հետ։

Կարգավիճակի հարցը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե՝ եթե Բրիտանիան բողոքարկի դատավճիռը, այն կճանաչի «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» դատարանի լեգիտիմությունը և հետևաբար՝ նաև Դոնեցկի ինքնիշխանությունը։

Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ՝ դիմելով Լոնդոնին, խորհուրդ էր տվել բացառել Բրիտանիայի քաղաքացիների մասնակցությունը Ուկրիանայում ծավալվող ռազմագործողություններին։

Երեք դատապարտյալներն էլ Ուկրաինայի բանակի պայմանագրային ծառայողներ էին․ ուկրաինական օրենսդրությունը օտարերկրացիների զինվորագրումը չի արգելում։ Ինչպես չի արգելում նաև Ռուսաստանի օրենսդրությունը, չնայած, ռուսական օրենքների համաձայն, զինված հակամարտություններին և ռազմական գործողություններին օտարերկրացու իբրև վարձկանի մասնակցությունը պատժվում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Ռուսական քրեական օրենսգրքի համաձայն, վարձկան է համարվում «նյութական պարգևատրման նպատակով» ռազմական գործողություններին մասնակցող այլ պետության քաղաքացին, որը մշտական չի բնակվում այդ տարածքում։ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության օրենսգիրքը արտագրել են ռուսական ՔՕ-ից՝ ավելացնելով, իհարկե, մահապատժի հնարավորությունը։ Սահմանվել է, որ մահապատիժն իրականացվելու է գնդակահարության միջոցով։

Ինչ վերաբերում է բրիտանական օրենքներին՝ հստակություն այլ պետությունների տարածքում ծավալվող ռազմական գործողություններին Բրիտանիայի քաղաքացիների մասնակցության վերաբերյալ չկա։ Ամեն դեպքում, միջազգային իրավունքի համաձայն օտարերկրյա ռազմագերիների հետ պետք է վարվել այնպես, ինչպես ռազմագերիների հետ։ Ռուսաստանը, ճիշտ է, պնդում է, որ օտարերկրացիները ռամագերու կարգավիճակի իրավունք չունեն։