Չեչնիայում այս տարվա հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը տասնյակ մարդիկ են գնդակահարվել։ Այս մասին գրում է ռուսաստանյան «Նովայա գազետա» թերթը՝ առաջարկելով Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեին քննություն սկսել նշված դեպքի առնչությամբ։ Թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ հրապարակել էր Չեչնիայում նույնասեռականների սպանությունների մասին փաստերը, սակայն այդ առնչությամբ քննություն այդպես էլ չէր արվել։ Փաստորեն, եզրակացնում է «Նովայա գազետան», Չեչնիայում գոյություն ունի արտադատարանային վճիռների և մահապատիժների պրակտիկա։
Նույնասեռականների սպանությունների մասին ապրիլյան հրապարակումներից և միջազգային հանրության կողմից սկսված լուրջ ճնշումներից հետո Ռուսաստանի իրավապահ մարմիններն այդ փաստերի առնչությամբ քննություն սկսեցին։ «Նովայա գազետա»֊ի պնդմամբ՝ դա արդեն իսկ մեծ նվաճում էր։
Ապրիլի 20-ին թերթը քննությանը փոխանցել է երկու անձանց անուններ, որոնք, ըստ «Նովայա գազետա»֊ի, սպանվել էին Չեչնիայում նույնասեռականների դեմ սկսված արշավի ժամանակ։ Քննությանը հանձնվել էին նաև մի քանի մարդկանց տվյալներ, որոնք բանտերում ծանր խոշտանգումների էին ենթարկվել, բայց կարողացել էին ողջ մնալ։
Գործի քննությանը մասնակցող բարձրաստիճան քննիչներից մեկը՝ Իգոր Սոբոլը, մտադիր է եղել հանդիպել խոշտանգման ենթարկված անձանց հետ և համոզել նրանց բացատրություն տալ։ Բայց երկու շաբաթ անց Սոբոլը նոր նշանակում է ստացել, իսկ նոր քննիչն այլևս ակտիվություն չի դրսևորել և հետևյալ դիրքն է զբաղեցրել՝ եթե զոհերն իրենք չեն դիմում քննությանը, ապա հանցագործություն չի եղել։
«Բացի սպանված գեյերի անուններից, մենք քննությանն ենք փոխանցել Չեչնիայի 20-ից ավել բնակիչների անուններ, որոնք ձերբակալվել էին 2016 թվականի դեկտեմբերին, և, մեր տվյալներով, սպանվել են այս տարվա հունվարին։ Նրանց ոչ մի պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել։ Այդ մարդկանց, ինչպես ավելի վաղ գեյերի դեպքում, պարզապես ոչնչացման մասին որոշում է կայացվել, և հրամանն իրականացվել է», ֊ գրում է թերթը։
ծանոթագրություն
2016 թվականի դեկտեմբերի 17-ին երիտասարդների մի խումբ հարձակում է գործել ծանոթ ոստիկանի վրա և սպանել նրան։ Հարձակվողները նաև առևանգել են ոստիկանի մեքենան։ Հետապնդման ժամանակ նրանք այդ մեքենայով վրաերթի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակցի։ Բոլոր հարձակվողները ոչնչացվել են, այդ թվում՝ երեք ձերբակալվածները։ Ռուսաստանյան «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով, նրանց գնդակահարել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի հիվանդանոցում։ Դրանից հետո ամբողջ Չեչնիայով մեկ սկսվել են զանգվածային ձերբակալություններ, անցկացվել է երկու կանխարգելիչ֊ցուցադրական հակաահաբեկչական գործողություն։
«Նովայա գազետա»֊ն ենթադրում է, որ սպանվածների մասին բոլոր տվյալները փոխանցվել են ոչ միայն քննչական մարմիններին, այլ նաև բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այդ թվում Մարդու իրավունքների գծով հանձնակատար Տատյանա Մոսկալկովային։
«Մեր ուղերձներում [քննչական մարմիններին] մենք հատուկ ընդգծում էինք՝ մարդկանց այս խումբը սպանվել է նույնասեռական լինելու կասկածանքով, մեկ այլ խումբը՝ այլ պատճառներով (ենթադրաբար ծայրահեղական լինելու մեղադրանքով, չնայած դա չենք կարող պնդել, քանի որ պաշտոնական մեղադրանքներ կյամ դրա համար առիթներ չեն եղել)։ «Ոչ ոք ոչ մի հանգամանքում չի կարող խոշտանգվել, բռնության ենթարկվել և կյանքից զրկվել», ֊ այն ժամանակ հրապարակայնորեն հայտարարեց Մոսկալկովան և մեր հաղորդումն ուղարկեց Քննչական կոմիտե ստուգման համար», ֊ գրում է թերթը։
Հունիսի 6-ին հայտնի դարձան ստուգման նախնական արդյունքները, որը Քննչական կոմիտեն վարում էր արդեն 2 ամիս։ Մոսկալկովան հրապարակել էր Կոմիտեի պատասխանն իր հարցմանը․ «Ստացածս պատասխանում նշվում էր, որ իրենք չեն գտել փաստեր, որոնք հաստատում են բռնի գործողությունները այն հիմքով, որ իրենք չունեն նշված քաղաքացիների կոնկրետ տվյալները»։
Թերթն ընդգծում է, որ Հանձնակատարն այդքանով կարող էր վերջակետ դնել այս պատմությանը, ինչպես դա մշտապես արել են այլ բարձրաստիճան չինովնիկներ։ Սակայն նա այդ իրավիճակում սկզբունքային դիրք զբաղեցրեց։
«Քանի որ իմ հարցման մեջ և «Նովայա գազետա»֊ի այն նամակում, որը ես վերահասցեագրեցի [քննիչներին], առկա են մարդկանց ազգանուններ, որոնք, հնարավոր է, մահացել են, ապա ստուգումը չի համարվում ավարտված, և ես խնդրում եմ ճշգրտող պատասխան տալ այն ազգանունների պարագայում, որոնք առկա են եղել նամակում», ֊ նշել է Մոսկալկովան։
հունվարյան մեկ գիշեր
Փոխանցելով ցուցակը պաշտոնական քննչական մարմնին, «Նովայա գազետա»֊ն չի դադարեցրել իր սեփական հետաքննությունը՝ փորձելով պարզել, թե ինչ է կատարվել կորած մարդկանց հետ։ Ու քանի որ թերթի խմբագրակազմը վստահություն չունի, թե նոր քննիչը կցանկանա շփվել իրենց հետ, թերթը որոշել է հրապարակել այն ամենը, ինչ հայտնի է իրեն։
Ինչպես արդեն նշվել է, դեկտեմբերի 17-ի դեպքերից հետո Չեչնիայում սկսվել են զանգվածային ձերբակալությունները։ Դրանք պաշտոնապես չեն գրանցվել, ձերբակալվածներին մեղադրանքներ չեն առաջադրվել։ Փոխարենը՝ նրանց տարել են ոստիկանության բաժանմունքների նկուղներ կամ հարակից տարածքներ։ Ձերբակալությունները շարունակվել են մինչև հունվարի վերջ․ թերթի տվյալներով՝ ընդհանուր առմամբ բռնել են մոտ 200 մարդ։
«Մենք ենթադրում ենք, որ մեկուկես ամիս անօրինական պահելու ընթացքում այդ մարդկանցից ճնշման տակ խոստովանական ցուցմունքներ են կորզել, որոնք Չեչնիայում հաճախ մեղքի միակ ապացույցն են դառնում», ֊ գրում է թերթը։
«Նովայա գազետա»֊ն դեռևս հունվարի 12-ին իր կայքում հրապարակել էր հունվարի 9-10֊ին բերման ենթարկվածներից 22֊ի ազգանունները։ Համադրելով տվյալները՝ թերթի լրագրողները հետագայում պարզել են, որ 9- 10-ին բերման ենթարկվածներից 6 ազգանունը ենթադրաբար սպանվածների ցանկում է, որը թերթը փոխանցել է Քննչական կոմիտե։
ցուցակ՝ «նշումներով»
Լրագրողական հետաքննության ընթացքում թերթը կարողացել է Չեչնիայի Ներքին գործերի նախարարության իր աղբյուրից ստանալ հունվարին բերման ենթարկված անձանց ցուցակը։ Ամենաշատը բերման են ենթարկել մարդկանց Շալիում․ հնարավոր է եղել անգամ ճշտել այդ մարդկանց հասցեները։
«Սակայն բոլոր փորձերը որևէ բան իմանալ այդ մարդկանց մասին անպտուղ էին․ մեր զրուցակիցները սարսափելի վախեցած էին։ Նրանցից մեկը՝ Շալիի քաղաքային վարչակազմի աշխատակից, խուճապահար եղած հրաժարվեց ծանոթանալ մեր ներկայացրած ազգանունների հետ և ասաց․ «Բոլորին, ում ձերբակալել են Շալիում հունվարին, նրանք չկան։ Մի՛ փնտրեք»։
Այս պահի դրությամբ մեզ հայտնի է 27 ենթադրաբար սպանված մարդկանց մասին, բայց ընդհանրապես խոսք կարող է գնալ Չեչնիայի 56 բնակչի մասին։ Բոլոր այդ մարդիկ բերման են ենթարկվել տարբեր ժամանակահատվածում (մեզ հաջողվել ճշտել նրանցից 13-ի բերման ենթարկելու օրերը՝ հունվարի 9, 10, 21, 24)։ Բայց մեր տեղեկություններով՝ մահվան ամսաթիվը բոլորինը նույնն է՝ հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը։ Այդ օրը բոլոր բերման ենթարկվածները գտնվել են Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, որը կրում է Ռուսաստանի հերոս Ահմաթ֊Հաջի Կադիրովի անունը (Չեչնիայի ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովի հայրը֊խմբ․)։ Գունդը ղեկավարում է ոստիկանության գնդապետ Ասլան Իրասխանովը․․․ Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ օրը ձերբակալվածներին գնդակահարել են և տարել տարբեր գերեզմանատներ, այդ թվում՝ քրիստոնեական, ու թաղել են հապճեպ փորած փոսերում (թաղման որոշ վայրեր հայտնի են «Նովայա գազետա»֊ին)։, ֊ գրում է թերթը։
«Նովայա գազետա»֊ի տրամադրության տակ Չեչնիայի Ներքին գործերի նախարարությունից ստացված փաստաթուղթ կա, որում բերման ենթարկվածների լուսանկարներն են։ Դրանք արվել են մարդկանց բռնելուց անմիջապես հետո և ոչ ոստիկանության բաժանմունքներում։ Նկարների վրա մարդկանցից շատերը ձեռնաշղթաներով կապված են շվեդական պատին կամ շոգեջեռուցման մարտկոցին, որոնք բնորոշ են նկուղային տարածքներին։ Որոշ լուսանկարների դիմաց նշումներ կան, որոնք, հավանաբար, տարբեր ժամանակահատվածներում են արվել։ Եթե ոչ մի նշում չկա, նշանակում է բերման ենթարկվածին բաց են թողել։ Եթե նշված են քրօրի հոդվածներ, նշանակում է, որ բերման ենթարկվածին հետագայում քրեական պատասխանատվության են ենթարկել։ Դա նշանակում է, որ մինչև որոշակի պահ, բերման ենթարկվածներն ունեին երկու տարբերակ՝ ազատ արձակվել կամ քրեական պատասխանատվության ենթարկվել։ Բայց հետագայում ցուցակի լուսանցքներում հայտնվել են նշումներ՝ պլյուս կամ մինուս։ «Պլյուսը» հիմնականում այնտեղ է նշված, որտեղ կան քրեական հոդվածներ։ «Մինուսը» միայն մեկ բան կարող է նշանակել՝ ոչնչացում։
***
«Ընդգծենք։ Չնայած նրան, որ մեր տեղեկատվությունը հաստատել է երկու աղբյուր (Չեչնիայի հարցերով Քննչական կոմիտեի քննչական վարչությունից և Չեչնիայի ղեկավարի ադմինիստրացիայից), մենք չենք կարող պնդել, որ հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Չեչնիայում անգամ այդ տարածաշրջանի համար աննախադեպ ծավալներով արտադատարանային մահապատիժ է գրանցվել։ Բայց մենք կարող ենք պնդել, որ քրեական գործ հարուցվի, որի շրջանակներում այդքան էլ դժվար չի լինի ստուգել փաստերը…
…Մեր բազմաթիվ և արդեն իսկ հանրային դիմումներով ուղղված ՌԴ Քննչական կոմիտեին, մենք ցանկանում ենք երկրի ղեկավարությանը և քննչական մարմնին ապացույցներ հասցնել, որոնք քիչ կասկածներ են թողնում՝ Չեչնիայում արտադատարանային մահապատիժների ակտիվ պրակտիկա է կիրառվում», ֊ նշում է թերթը։
«Նովայա գազետա»֊ն նաև հրապարակել է իր մոտ եղած, ենթադրաբար, սպանված մարդկանց ցուցակը։ Դրանում ընդգրկվածները 20-ից 30 տարեկան երիտասարդներ են։