Անցյալ տարվանից սկսած համացանցում տեսահոլովակ է տարածվում է, որը կոչվում է «Կադիրովը հայերի մասին»: Հոլովակում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր հանրապետության կառավարության նիստի ժամանակ վրդովված պատմում է, թե ինչպես փրկել ազգությամբ չեչեն երգչուհի Հեդա Համզատովային հայի հետ ամուսնությունից:
Տեսանյութում Կադիրովը խոսում է չեչեներեն: Epress.am-ի համար տեսքտը թարգմանել է Youtube-ի օգտատեր wolf88-ը:
Չեչնիայի առաջնորդի խոսքով՝ Համզատովային խոստացել են ապահովել նրա մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթին և Երևան են տարել, որտեղ նա պետք է ամուսնանար: Կադիրովը նշում է, որ «տաղանդավոր երգչուհու վրա մեծ փողեր է ծախսել»:
«Ես նրա համար մենահամերգներ եմ կազմակերպել: Երբ ասում են մենահամերգ, շատերին թվում է, որ դա հեշտ է: Որպեսզի մեկ մենահամերգ կազմակերպել, 10 միլիոն է հարկավոր: Եվ ի՞նչ տեղի ունեցավ Հեդա Համզատովայի հետ: Մարդիկ նրա մասին բամբասում են… Կասեմ, ու բոլորին հանրապետությունում դա ցույց տվեք: Հեդա Համզատովան, երբ նրան մի հայ խոստացավ «Եվրատեսիլ» տանել, գնաց Հայաստան, որպեսզի նրա հետ ամուսնանա: Մենք նրա հետևից գնացինք՝ համարելով, որ եթե չեչեն աղջիկը, վաստակավոր ատրիստը ամուսնանա հայի հետ, մեզ համար դա խայտառակություն է: 10 անգամ նրա հետևից ուղարկել են: Ինքնաթիռ ենք ուղարկել՝ Ադամին են հանձնարարել: Հորը, մորը վերցրեցինք, գնացինք, ես նրան տուն բերեցի՝ պայմանավորվելով նրանց նախագահի հետ…», – ասում է Կադիրովը:
Նշենք, որ Հեդա Համզատովայի մասին հայ հանդիսատեսն իմացել է Մոսկվայում կայացած համերգից հետո, երբ նա հայերեն լեզվով երգել է «Հայ քաջեր» երգը: Դահլիճը, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը, կատարումը մեծ ոգևորությամբ են ընդունել:
Wolf88 պատմել է, որ դա առաջին դեպքը չէ, երբ Կադիրովը միջամտում է իր հայտնի հայրենակիցների անձնական կյանքին: Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հրապարակավ կշտամբել է երգչուհի Մաքա Մեժիևային այն բանի համար, որ վերջինս ամուսնացել է ադրբեջանցու հետ:
Ավելի ուշ երգչուհին ասել էր, որ չեչեններն իրեն ամուսնանալ չէին առաջարկում. «Ես ամուսնացել եմ, որովհետև նա ինձ առաջարկել է իր հետ ամուսնանալ, իսկ չեչենն ինձ առաջարկել է իր հետ կայֆավատ լինել»: