Բաքուն «ի գիտություն է ընդունել» Ադրբեջանին ականապատ դաշտերի նոր քարտեզները տրամադրելու մասին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հունվարի 25-ի հայտարարությունը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, թե ակնկալում է, որ «Հայաստանը կներկայացնի ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռ ամբողջությամբ չեն ներկայացվել Ադրբեջանին»։
Նախօրեին Հայաստանի ԱԱԾ-ն հաղորդել էր ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյանների ի հայտ գալու և դրանք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին փոխանցելու մասին։
ԱԱԾ-ն նշել էր, որ նախկինում մի քանի անգամ՝ 2021-ի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյանները (ֆորմուլյարներ)։ Փաշինյանը
«Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանը տեղեկատվական արշավ է սկսել, Հայաստանին մեղադրելով ոչ ճշգրիտ եւ ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ եւ հումանիտար քայլը օգտագործելով ատելություն բորբոքելու նպատակով: Հայաստանի ներկայացուցիչները հրապարակային և աշխատանքային մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռքբերվել են ԼՂ զինծառայողների միջոցով», – հավելել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
Հաշվի առնելով ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները՝ ականի պայթյունների և տուժած քաղաքացիների մասին, և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը Լեռնային Ղարաբաղի նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ: Ըստ ԱԱԾ-ի՝ դրանք առաջիկայում կտրամադրվեն ադրբեջանական կողմին, կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների:
Ադրբեջանի արտգործնախարարությունյանը հայկական կողմի ջանքերը չեն բավարարել․ «Այս քայլը չի կարելի գնահատել որպես փոխվստահության կառուցման գործիք», «Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը ներկայացնի բոլոր ականապատ տարածքների կոնկրետ քարտեզները»:
«Ականների զանգվածային և նպատակաուղղված տեղադրումը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքներում հետկոնֆլիկտային վերականգնողական և վերակառուցման լայնածավալ աշխատանքների, այդ տարածքներում բնակվող քաղաքացիական բնակչության վերադարձի և նրանց խաղաղ կյանքի հիմնական սպառնալիքներից են», – շարւոնակել է պաշտոնական Բաքուն։ Երկրի արտաքին գերատեսչությունը շեշտել է՝ մինչ օրս Հայաստանից փոխանցված քարտեզների ճշգրտությունն ընդամեը 25 տոկոս է կազմել, «այդ քարտեզներն անարդյունավետ են, թերի և ճշգրիտ չեն ներկայացնում իրական պատկերը», «թեև այս քարտեզները ցույց են տալիս, որ մեր տարածքներում, ըստ տեղեկությունների, տեղակայվել է ընդամենը 400 հազար ական, ականների իրական թիվը գերազանցում է մեկ միլիոնը»։
Բաքվի տվյալներով, 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունից 342 մարդ է տուժել, զոհերի թիվը հասել է 65-ի։ Պայթյունների 55 տոկոսը տեղի է ունեցել «Հայաստանի փոխանցած քարտեզներից դուրս գտնվող» վայրերում։
Երևանից հնչող փաստարկները, որ ավելի ճշգրիտ քարտեզներ պարզապես գոյություն չունեն և որ Բաքվին փոխանցվել է այն, ինչ որ կա, Ադրբեջանը չի ընդունում և շարունակում է պահանջել։ Վերջին հաղորդագրության մեջ հարևան երկրի արտգործնախարարությունը հավելում է՝ Երևանը «պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի նաև 4 հազար անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի և վերջին 30 տարվա ընթացքում ադրբեջանցիների գերեզմանների տեղի մասին տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ»։
Հումանիտար այս ակցիան տեղի է ունենում հայ-ադրբեջանական բանակցություններում «հետընթացի», Հայաստանի նկատմամբ աճող ճնշման ֆոնին։ Ըստ հայկական կողմի՝ ականների հարցը Բաքուն շարունակ կապում է հայազգի պատանդների վերադարձի հետ։ Կոնտեքստը՝ այստեղ։