«Զանգեզուրյան միջանցքի» մասին խոսք չկա, բայց Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի անվտանգության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուս խաղաղապահները՝ պնդում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն իրենց հրապարակային մեկնաբանություններում անդրադարձել են Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապ հաստատելու թեմային, ընդ որում՝ վարչապետ Փաշինյանը ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրյան միջանցքին»: «Զանգեզուրի միջանցքի մասին երբևէ չի խոսվել այն պայմանավորվածությունների շրջանակում, որ ձեռք են բերվել նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև։ Հայտարարությունում, որը ստորագրվել է 2020-ի նոյեմբերի 9-ին և որը դադարեցրել է պատերազմը, ասվում է՝ ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ վերահսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները», – այսօրվա ասուլիսին նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Օրեր առաջ Իլհամ Ալիևտ նախընտրական հարցազրույց էր տվել ադրբեջանական հեռուստաընկերությունների, որում, ի թիվս այլ սպառնալիքների, հայտարարել էր՝ եթե Սյունիքում «միջանցք» չբացվի, ապաշրջափակում չի լինի։ «[Հայաստանը] մեզ պետք է անխոչընդոտ անցում տա Զանգիլանի ու Օրդուբադի միջև, դա նրանց պարտավորությունն է։ Բեռները, քաղաքացիները և ավտոմոբիլային միջոցները, որոնք կերթևեկեն Ադրբեջանից Նախիջևան, պետք է անցնեն առանց որևէ զննության ու մաքսային վարչարարության», – ասել էր Ադրբեջանի առաջնորդը։
Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները ոտնահարվել և արդեն անվերադառնալիորեն չեղարկվել են Ադրբեջանի կողմից՝ Ալիևը, խոսելով «միջանցքի» բացման մասին, առաջարկել էր հենվել հենց այդ պայմանագրի վրա․ «Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ ասվում է, որ ճանապարհի 42-43 կմ հատվածի անտվանգությունն ու վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուս սահմանապահները, և այդ պարտավորությունը պետք է կատարվի»։
Նիկոլ Փաշինյանը արձագանքել էր՝ «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական նախագիծը ուղղակի նկրտում է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել էր Հայաստանի դիրքորոշումը՝ ճանապարհները և սահմանները պետք է բացվեն, հիմնվելով երկրների տարածքային ամբողջականության և իրավազորության, փախադարձության սկզբունքների վրա։ «Բառային խաղերից դուրս գանք։ Մենք ի՞նչ ենք ասում։ Ասում ենք՝ ինչ պայմանով Իրանի Իսլամական Հանրապետությունը տրամադրում է կապ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս հատվածի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել էդ կապը՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային», – նշել է Հայաստանի ղեկավարը։
Արձագանքելով Ալիևի պնդումներին, թե Հայաստանը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է ռուս սահմանապահների վերահսկողության ներքո անխոչընդոտ կապ տրամադրել Ադրբեջանին, Փաշինյան հիշեցրել է՝ եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ հիշատակում չկա, ավելին՝ այդ հայտարարության երեք կողմերից երկուսը՝ Ադրբեջանը և Ռուսաստանը, իրենց գործողություններով ցույց են տվել, որ այն իրենց համար այլևս գոյություն չունի․ «Չի կարող այդպես լինել, որ երկու կողմի համար այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունենա, բայց երրորդ կողմի համար այն շարունակի գոյություն ունենալ»։
Լավրովը Փաշինյանի այս ասածներում «տրամաբանություն» չի գտել, փոխարենը վերարտադրել է Ալիևի պահանջների մեծ մասը։
«[Ինչ վերաբերում է] պարոն Փաշինյանի հայտարարություններին, թե ինքը նույն պայմաններն է ուզում Հայաստանի տարածքով տրանզիտի համար, ինչ կիրառվում է Իրանի տարածքով տրանզիտի պարագայում՝ ես այստեղ տրամաբանություն չեմ տեսնում, հազիվ թե այս երթուղիները տեղին է համեմատել։ 2021-ին փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում սահմանվել է, որ ապաշրջափակման դեպքում այն երկրները, որոնցով անցնում են ապաշրջափակված երթուղիները, ամբողջությամբ պահպանում են իրենց ինքնիշխանությունն ու իրավազորությունը այդ երթուղիների նկատմամբ։
Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում 2023-ի հունիսին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաղորդակցությունը այս պայմաններով վերաբացելու շուրջ՝ առաջնահերթորեն երկաթուղու համար։ Սա համաձայնեցվել է, սա քննարկվել է նաև նախագահ Պուտինի հետ Երևանում, երբ նա ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում այնտեղ հանդիպել էր վարչապետ Փաշինյանի հետ։ Ես հրաշալի հիշում եմ, թե որքան դրական էր դա ընդունվել, իսկ հետո՝ հոդս ցնդել։ Մենք հասկանում ենք, որ նման հետքայլերը ձեռք բերված պայմանավորվածություններից եզակի բան չեն, բայց թե ինչն է խանգարել ավարտին հասցնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության վերաբացման սկզբունքների շուրջ այդ պայմանավորվածությունները՝ չգիտեմ», – նշել է Սերգեյ Լավրովը”
Այնուհետև ռուս դիվանագետը կրկնել է իր ղեկավարած կառույցի՝ վերջին շրջանի նարատիվներից մեկը, որ Արևմուտքը իր աշխարհաքաղաքական շահերն է առաջ տանում Հարավային Կովկասում։ Ակնարկ է արվել, թե այդ շահերին տուրք է տալիս Հայաստանը։
«Ես վստահ եմ, որ այս հաղորդակցության վերաբացումը այլընտրանք չունի, դրա չափանիշները ամրագրված են եռակողմ պայմանավորվածության մեջ՝ երթուղին անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով Ռուսաստանի ՍԴԾ-ի վերահսկողության ներքո», – շարունակել է Լավրովը՝ եզրափակելով․ «Այնտեղ սկզբունքային առումով համաձայնեցված են նաև սահմանային և մաքսային վերահսկողության ընթացակարգերը՝ Ադրբեջանից Հայաստան մուտքին և Հայաստանից ադրբեջանական Նախիջևան ելքին»։
Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել Ռուսաստանի տարածքում, «որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությունը դադարեցնելու և բոլոր հարցերի լուծման համար փոխգործակցության մի ամբողջ համակարգ կառուցելու ջանքերը»․ «Ես չգիտեմ, թե Երևանը որքանով է պատրաստ դրան, թեև համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»։
Իլհամ Ալիևը մինչ այս հրապարակավ մերժել է նաև խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ ամրագրելու՝ հայկական կողմի պահանջը։ Ալիևը հարցադրել է Հայաստանի մոտ 14 հազար քառակուսի կիլոմետր տարածքի և մայրաքաղաք Երևանի պատկանելիությունը, սահմանազատման համար նոր պահանջներ առաջադրել։
Բաքուն ամիսներ շարունակ հրաժարվում է միջազգային հարթակներում բանակցություններից, պարբերաբար հայտարարում է գործընթացը երկկողմ ձևաչափով շարունակելու մասին և խոսում խնդրահարույց կետերը, մասնավորապես՝ սահմանազատմանն առնչվող հարցերը, պայմանագրի տեքստից դուրս թողնելու անհրաժեշտության մասին։
Փաշինյանը մեկնաբանել է՝ պետք է խաղաղության այնպիսի պայմանագիր կնքել, որը կկանխի պատերազմի հնարավորությունը։ «Երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով տպավորություն ենք ստանում, թե փորձ է արվում ստեղծել մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվի հետագա պատերազմները։ Սա տրամաբանությունից դուրս է», – նշել էր Փաշինյանը։
կոնտեքստը՝ Ընտրությունները հեռվացնում են հայ-ադրբեջանական խաղաղությունը