Առավոտյան Նոր Արեշում պայթյուն է որոտացել։ Երկու տուն փլուզվել է։ Հաղորդվում է երկու զոհի և երկու վիրավորի մասին։
Փրկարար ծառայությունը կեսօրին է ահազանգ ստացել՝ Նոր Արեշ թաղամասի 34 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Փլվել են երկու փոքրիկ սեփական տները։ Փլատակների տակից փրկարարաները նախ մի տղամարդու են դուրս բերեց, քիչ անց՝ նաև այստեղ ապրող տարեց կնոջը։ Երկուսն էլ հոսպիտալացվել են։ «Տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր․ նա վերակենդանացման բաժանմունքում է», – տեղեկացրել է առողջապահության նախարարությունը։
Ավելի ուշ ներքին գործերի նախարարությունից հաղորդել են երկու զոհերի մասին՝ «փլատակներից դուրս են բերվել Գ․ Ե․-ի և Ս․ Հ․-ի դիերը»։ Զոհվածներից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ։
Իրավապահներն արդեն քրեական վարույթ են նախաձեռնել՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածով։ Տեղի ունեցածի պատճառները կպարզվեն սկսված նախաքննությամբ՝ հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ոստիկանության հետ փոխկապակցված shamshyan.com-ը՝ հղվելով դեպքի վայրում հավաքված ինչ-որ քաղաքացիներին, գրել է, թե «պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը», որը «ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և որին երեկ չեն կարողացել տանել հոգեբուժարան»։ Ոստիկանությունը այս տեղեկությունը չի՛ հաստատել։
Թաղամասը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գազաֆիկացված էր։ Պայթած տանը կա՞ր որևէ սարք, օրինակ՝ գազի բալոն, տեղում հավաքված բնակիչները տեղեկություն չունեին։ Իրավապահները մանրամասներ չեն հաղորդում։
թարմացում (փետրվարի 6) — Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարարծել․
«․․․Հարցաքննվել են դեպքին առնչություն ունեցող և հարևանությամբ բնակվող տների բնակիչներ, ստացվել են դեպքի վայրին հարակից տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության:
Նախաքննությամբ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու հետևանքով»:
Ըստ Քննչականի՝ պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել է Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տուն, ևս մի քանի տուն վնասվել է։ Փլատակների տակից դուրս են բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ, 1938 թ․ ծնված Ռոզա Նազարյանը, Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչ, 1994 թ․ ծնված Հրանտ Սարգսյանը։ Փլատակների տակից դուրս են բերվել նաև Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչներ, 1987 թ․ ծնված Հայկ Սողոմոնյանի և 1970 թ․ ծնված Գայանե Եղոյանի դիերը:
Նախաքննությունը շարունակվում է։