Home / Առողջապահություն / Արծաթով ու կարտոֆիլով ստուգելը սուտ է․ այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ

Արծաթով ու կարտոֆիլով ստուգելը սուտ է․ այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ

2024 թվականի սկզբից Հայաստանում արձանագրվել են սնկերից թունավորումների 8 դեպք, հայտնել է այսօր Առողջապահության նախարարությունը, նշելով, որ դրանք հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով:

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են:

Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական մշակումից հետո:

Սնկից թունավորման դեպքերը կանխարգելելու համար Հայաստանի Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

– սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
– չհավաքել ճանապարհների եզրերից,
– չգնել պատահական վայրերից,
– ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել իրար։
– Թունավոր սնկերը պարունակում են այնպիսի նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն),
– չուտել հում սունկ,
– երեխաներին չկերակրել սնկով,
– խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ,
– սնկի հետ չօգտագործել ալկոհոլ,
– թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում,
– թունավորման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։

Սնկից թունավորումն ունենում է սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են` որովայնի կտրուկ ցավ, սրտխառնոց, անընդհատ փսխումներ, առատ քրտնարտադրություն, թքահոսություն, գլխապտույտ, գլխացավ, անհագ ծարավի զգացում, հալյուցինացիաներ` առանց քնկոտության, ցնորք, գիտակցության կորուստ, դեմքի կարմրություն, սրտխփոց, վախի զգացում, ցավ լյարդի շրջանում: