Հայաստանին անհանգստացնում է սինագոգի վրա հարձակումը։ Պետական «Արմենպրեսի» հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը ասել է, թե Հայաստանի իշխանությունները և հանրությունը դատապարտում են ազգային և կրոնական այլատյացության յուրաքանչյուր դեպք և փորձ, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Հայաստանի գլխավոր ռաբունապետ Գերշոն Մեիր Բուրշտեյնը երեկ հայտարարել է, թե լույս երկուշաբթի գիշերը դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է սինագոգի պատուհանին ու փախել։ Տեղի ունեցածը ֆիքսել են տեսախցիկները: Սինագոգը դիմել է ոստիկանություն, հաղորդումն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Պաղեստինյան Գազայում Իսրայելի նախաձեռնած ավերիչ պատերազմի ֆոնին աշխարհով մեկ ցույցեր են տեղի ունենում Իսրայելի դեսպանատների, հրեական սինագոգների առջև։ Հայաստանում նման ցույցեր չեն եղել։
Վերջին մեկ տարվա ընթացքում, ըստ տեղական ռաբունապետի, սինագոգի վրա 4 հարձակում է եղել․ երեք անգամ քարկոծել են պատուհանները, մեկ անգամ՝ հրկիզել դուռը։ Չորսը դեպքերից և ոչ մեկում քաղաքական մանիֆեստացիա չի եղել, նախաձեռնողները և դրդապատճառները հայտնի չեն։
Հրկիզման փորձը անցած տարվա նոյեմբերին էր։ Քննչականից այն ժամանակ հաղորդել էին՝ պարզել են, որ հրկիզողը Հայաստանի քաղաքացի չէ, եկել է, արել է և անմիջապես լքել երկիրը։ «Տվյալ անձը առերևույթ հրկիզումը կատարելուց հետո տեսանկարահանել էր այդ ամենը և տեղադրել տելեգրամյան ադրբեջանական ալիքներում, նաև X սոցիալական ցանցում էր տեղադրել», – ասել էր Քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանը: Ադրբեջանական տելեգրամ-ալիքներն ու լրատվամիջոցները միջադեպը ներկայացրել էին որպես Հայաստանում տարածված հակասեմիտիզմի ապացույց և գրել, իբր հարձակումը կազմակերպել է ԱՍԱԼԱ-ն։
Համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ հրդեհի փորձն արած անձը Ռուսաստանի քաղաքացի է։ Քննչականը սա ո՛չ հաստատել էր, ո՛չ էլ հերքել։ Ատգործնախարարությունից պարզաբանել էին՝ Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունեն․ «Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով»։
Հայաստանում հրեական համայնքի ռաբունապետ Գերշոն Մեիր Բուրշտեյնը համոզմունք էր հայտնել, որ հարձակումը Հայաստանը անվանարկելու փորձ է՝ քաղաքական սադրանք, որը կազմակերպվել է արտաքին որոշ ուժերի կողմից։ Ռաբունապետը նշել էր, թե որպես Հայաստանում ծնված և մեծացած հրեա՝ ինքը հակասեմականություն կամ հակահրեականություն այստեղ չի նկատել։