Զինծառայողներին, իրավապահներին և նպաստառուներին արգելվելու է խաղադրույքներ կատարել և շահումով խաղեր խաղալ։ Շահումները հարկվելու են, օտար բուքմեյքերները՝ արգելվելու։
Խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովը հաստատել է «Խաղային գործունեությունը կարգավորող մայր օրենքը», որով նախատեսվում է սահմանափակել խաղալու իրավունք ունեցող անձանց ցանկը։ «Տրամաբանական չէ, որ քաղաքացին պետությունից գումար ստանա ու տանի պարտվի», – բացատրել է տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Պետությունը պլանավորում է հատուկ կառույց ստեղծել, որը «կվերահսկի ոլորտն իրական ժամանակում, ավելի խիստ պատասխանատվության միջոցներ կկիրառի և ոլորտն ավելի թափանցիկ կդարձնի»։ Խաղային գործունեության կազմակերպողն, ըստ Թունյանի, ինքը՛ պետք է իդենտիֆիկացնի, թե ով է խաղացողը։
Բանակում և ուժային կառույցներում խաղամոլությունը մասսայական է։ Բայց թե ինչպես է արգելքն ապահովվելու, ինչպես է կազմակերպվելու վերահսկողությունը՝ դեռ պարզ չէ։ Օրենքի տրամաբանությունն այնպիսին է, որ իրավապահներին խաղալ արգելելու են նույն իրավապահները։
Նոր օրենսդրական կարգավորումն առաջարկում է հարկել նաև շահումները․ փոքրերը՝ 5, մեծերը՝ 10 տոկոսով։
5 միլիոն և ավել դրամ միաժամանակյա շահումը համարվելու է մեծ և հարկվելու է տեղում։ Ավելի փոքրների դեպքում վերջնահաշվարկներ են արվելու։
«Մարդը կարող է գումար մուտքագրել, շահել, պարտվել, էլի շահել, էլի պարտվել։ Այդ ամբողջ ինֆորմացիան կհավաքագրվի հարկային մարմնի կողմից։ Տարվա վերջում կպարզվի՝ մարդը շահած է դուրս եկել, թե պարտված։ Եթե շահած դուրս գա, այդ գումարը կհարկվի 5 տոկոսով», – բացատրել է Թունյանը։
Նախատեսվում է արգելել նաև Հայաստանում չգրանցված օտարերկրյա ծագում ունեցող բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը։
Հայաստանում բուքմեյքերական ընկերությունների շահույթը առնվազն երկու անգամ գերազանցում է պետական բյուջեի եկամուտները, խաղադրույքների չափը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։
Եթե 2019-ին տարեկան խաղադրույքների չափը կազմում էր 1,1 տրիլիոն դրամ, 2022-ին այն հասել է 5,774 տրիլիոն դրամի։ Համեմատության համար կարելի է նշել, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամտային մասը նույն տարի եղել է շուրջ 2,6 տրիլիոն դրամ։ Խաղատներ երկու անգամ ավելի շատ գումար է մտնում, քան պետական բյուջե։
Վերջին տարիներին պետությունը փորձում է ինչ-որ կերպ զսպել բուքմեյքերներին և խաղատներին։ Կանխիկով խաղադրույքներ կատարելն արգելվել է 2022-ին, բուքմեյքերական գրասենյակների աշխատանքը սահմանափակվել է 2020-ին, 2022-ին արգելվել է արտաքին գովազդը։ Բայց 2023-ի առաջին եռամսյակում խաղադրույքները կազմել են 1․3 տրիլիոն դրամ։ 1․3 տրիլիո՛ն դրամ ընդամենը երեք ամիսների ընթացքում։