հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մարզեր / Արտոնություններ բոլորին. նախկին գծատերերի հետ մրցելը իբր հնարավոր կլինի

Արտոնություններ բոլորին. նախկին գծատերերի հետ մրցելը իբր հնարավոր կլինի

Կառավարարությունն ազատում է ուղևորափոխադրող ընկերություններին ներկրվող միկրոավտոբուսների մաքսատուրքից։ Արտոնությունը կտրվի հանրային տրանսպորտը սպասարկելու պետական մրցույթներին մասնակցող ընկերություններին։ 

«Շատ գյուղերում, շատ քաղաքներում անընդհատ այդ հարցը բարձրացնում են, որ տաքսի են կանչում, չկա հանրային տրանսպորտ», – Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես է բացատրել, թե ինչու են ոլորտում բարձրացնում շահութաբերությունը։

Մարզերում տրանսպորտային բարեփոխումները բարդ են ընթանում՝ Epress.am-ին ասել է Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը․ «Երևանում ներդրողները շատ են՝ համայնքը, Համաշխարհային բանկը, պետությունը։ Մարզային տրանսպորտում միայն ընկերությունն է ներդրողը, ծախսն էլ շատ է»։

2021-ից կառավարությունը բարեփոխումներից է խոսում։ Բայց նոր մրցույթները կոլապսի են բերել տրանսպորտը Արարատի և Արմավիրի մարզերում։

Արարատում շահած «Ռեգնում» ընկերությունը հրաժարվել է սպասարկել գիծը՝ պատճառաբանելով, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով ռուսական «ՊԱԶ» գործարանը չի տալիս խոստացած 87 նոր ավտոբուսները։ Ընկերությունը դատի է տվել կառավարությանը և պահանջում է վերադարձնել իր 6 միլիոն դրամ նախնական գրավը։

Արմավիրում մրցույթը տապալվել է 2022-ին։ Մրցույթին մասնակցած «Գալակտիկա տրանս սերվիս»-ը պնդում է, որ բավարարել է բոլոր պահանջները և քաղաքական պատճառներով է մերժում ստացել։ Արդյունքները բողոքարկվել են դատական կարգով։ Գործը  հասել է Վճռաբեկ դատարան։ 

Արարատցիներն ու արմավիրցիները մնացել են ավտոստոպի և տաքսիների հույսին։

տե՛ս Վտանգավոր ավտոստոպ․ Արարատի տրանսպորտի վիճակը կատաստրոֆիկ է

Կոտայքի մարզում մրցույթը հանգեցրել է մենաշնորհի. այստեղ հաղթել է տեղական օլիգարխ Գագիկ Ծառուկյանի որդու «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, որի աշխատակիցները տեռորով պաշտպանում են իրենց լիցենզիան՝ արգելելով անհատ տաքսիստների ուղևորներ տեղափոխել։ 

տե՛ս Լեգալ ավտոբուսների տեռորը ինքնազբաղ տաքսիստների դեմ․ Կոտայք

«Մեկ սպասարկող-մեկ մարզ բաժանումը չաշխատեց, որովհետև շատ մեծ ներդրումների մասին էր խոսքը։ Հիմա մենք որոշ մարզերը երկու մասի բաժանեցինք, որ միջին չափի ընկերություններ էլ կարողանան դիմեն, օրինակ՝ Գեղարքունիքը», – նշել է Ռուզաննա Այվազյանը։

Արարատում և Արմավիրում նոր մրցույթներ չեն կարող հայտարարվել, մինչև դատական պրոցեսները չավարտվեն։ Այս ընթացքում այդ երկու մարզերի բնակիչները Երևան հասնելու մեկ տարբերակ ունեն՝ հավաքվել մի քանի հոգով և տաքսի պատվիրել՝ վճարելով 400-500 դրամ։ 

Կառավարությունը նոր որոշմամբ փորձում է հավասար պայմաններ ստեղծել փոքր և մեծ ընկերությունների համար։ Մեծերն արդեն ազատված էին մաքսատուրքերից՝ Epress.am-ին ասել է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը։  

Կառավորությունը հույս ունի, որ բոլորին արտոնությունը տալով  կօգնի նոր ընկերություններին հաղթել ոլորտի հներին՝ նախկին գծատերերին։