Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կասեցրել է Աբխազիային տրվող 141 մլն ռուբլու (1,6 մլն դոլար) ամսական սոցիալական ֆինանսավորումը։ Բացի այդ Մոսկվան այսուհետ հանրապետությանը էլեկտրաէներգիա կմատակարարի շուկայական գներով, այս մասին հայտարարել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան։
Շամբան ասել է, որ եթե «սանկցիաները» շարունակվեն մինչև տարվա վերջ, շատերը կտուժեն. ՌԴ ֆինանսավորումն հիմնականում ուղղվում էր ուսուցիչների, բժիշկների և ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերին։
Ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբան ասել է, որ երկրի բյուջեն կկարողանա ծածկել ընթացիկ ամսվա ծախսերը, սակայն «հետագայում դա մի փոքր դժվար կլինի»։
«Ֆինանսավորման դադարեցումը սրացում չէ, դա երկու երկրների կառավարությունների ստանձնած պարտավորությունների հավասարակշռության պահպանման մասին է», – ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Մոսկվայի և Սուխումիի միջև լարումը նոր չէ։ Այն սկսել է տարիներ առաջ և կրիկին ակտիվացել վերջին ամիսներին։ Ռուսական կողմը փորձում է հասնել Աբխազիայում օտարերկրացիներին անշարժ գույք վաճառելու օրենքի փոփոխությանը։ Ներկա օրենսդրության համաձայն, օտարերկրացիները, այդ թվում ռուսաստանցիներն, Աբխազիայում անշարժ գույք գնել չեն կարող։ Ռուսաստանցի գործարարները ցանկանում են երկրի արևելքում 150 հեկտար տարածքի վրա 10 հազար նոր բնակարան կառուցել։ Հուլիսին օրենքի դեմ բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարների և ուժայինների միջև բախումներ են եղել։
Բիզնես պլանին դեմ բողոքողները մտավախություն ունեն, որ նոր քաղաքի շինարարությունը կարող է խախտել ժողովրդագրական հավասարակշռությունը։ Նրանց կարծիքով այդ տարածքում բնակարաններ գնողները հիմնականում ռուսներ են լինելու, ովքեր կստանան աբխազական անձնագրեր և ընտրություններին մասնակցելու հնարավորություն։
Աբխազ հանրության մտահոգել է նաև համացանցում տարածված մի փաստաթուղթ, որը իբր ամփոփում է Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիայի և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի օգոստոսի 19-ին կայացած հանդիպումը Մոսկվայում։
Փաստաթղթում ռուսական կողմը զգուշացնում է, որ պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չի վավերացրել տնտեսական խնդիրներին վերաբերող դատական և արբիտրաժային վճիռների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը և չի վերացրել ռուսաստանցի ներդրողների առջև հարուցվող խոչընդոտները՝ նախևառաջ անշարժ գույքի շուկայում։
Բացի այդ, փաստաթղթով նախագահ Բժանիան մինչև սեպտեմբերի 20-ը պարտավորվում է տեղեկություններ ներկայացնել ընդդիմության այն առաջնորդների մասին, որոնք ունենալով ՌԴ քաղաքացիություն՝ «վնաս են հասցնում Ռուսաստանի շահերին, խոչընդոտում են ռուս-աբխազական համագործակցությանը»։
Սանկցիաների ֆոնին նաև շատ է խոսվում այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է Աբխազիան հանձնել Վրաստանին։ Քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն այդ խոսակցություններն անլուրջ է համարում։ Նրա կարծիքով ընտրությունների նախօրեին սա միայն ձեռնտու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քարոզարշավը կառուցելու համար։
«Վրաստանի իշխող կուսակցությունը կարող է շատ լավ օգտվել դրանից, ասել, որ մենք կարող ենք ձեռք բերել Աբխազիան», – ասել է Շարաշենիձեն։