Ուրբաթ օրը կայացած՝ Վարդենիսի զինվորական կացարանում հրդեհի գործով հերթական դատական նիստի ժամանակ շարունակվեց փրկվածներից Ռադիկ Մաթևոսյանի հարցաքննությունը։ Ինչպես մյուս փրկվածների դեպքում զոհվածների ծնողները, փաստաբանները, դատախազները, դատավորը ընդհատում էին, կասկածում ասածների վրա, հորդորում տղավարի խոսել, սպառնում էին։
Նիստը ընդհատվում էր, երբ զայրույթը չզսպող ծնողներին դուրս էին հանում դահլիճից։ Վեճը տեղափոխվում էր դատարանի բակ, քանի որ այս վկայի հետ եկած մարդիկ չէին հանդուրժում իրենց հարազատի հասցեին հնչող վիրավորանքները։
Դատավորն այս անգամ միացավ նախորդ նիստերի ժամանակ հաճախ հնչող գնահատականին․ «Տպավորություն կա, որ դա զորամաս չի եղել, այլ խոպան»։
– Ո՞վ է ստեղծել այդ բարդակը։ Ո՞վ է ստեղծել։
Ծնողի հարցը մնաց անպատասխան։
Ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը հարցրեց, թե ինչպես էր զինվորը դիմում մեղքը ընդունած հրամանատար կապիտան Եղիշե Հակոբյանին, և բազմանշանակ կրկնում «Եղո»։
Եղիշե Հակոբյանը ևս մեկ անգամ արտահերթ ցուցմունք տվեց, ինչպես նախորդ վկաների դեպքում՝ Ռադիկ Մաթևոսյանի ցուցմունքներում հակասության պատճառով։
Նիստին մասնակցող այլ հրամանատարները, ովքեր չէին եղել դեպքի վայրում հրդեհի ժամանակ, հայտարարություններով փորձում էին հերքել չաստի բարդակի մասին պնդումները։ Սպաներից մեկի ասելով՝ զորամասը գերազանցիկ էր ճանաչվել։
Երբ նախկին զինվորը մի քանի անգամ հաստատեց, որ նա և ծառայակիցները կարաուլի էին դուրս գալիս նույն զենքով, սպաներից մեկը հարցրեց․ «պատահե՞լ է, որ դուք կարաուլի հելնեք ուրիշի զենքով»։ «Դուք էլ գիտեք, որ եղել ա», – պատասխանեց Մաթևոսյանը։
Վերջում դատավորը դահլիճ հրավիրեց հաջորդ ցուցմունք տվող Տիգրան Մանասերյանին և ծանուցեց, որ հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 22-ին, ժամը 12։00-ին Սևանի դատարանում։