Home / Դատարան / Լրագրողի ցուցումով լրտես ճանաչված ստեփանակերտցուն ճնշել են

Լրագրողի ցուցումով լրտես ճանաչված ստեփանակերտցուն ճնշել են

Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մոտ կես տարի մնացած և Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի օգտին լրտեսելու համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման, հայտնել է Դատախազությունը։

Սարգիս Գալստյանը և կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, Հայաստան են տեղափոխվել մարտի 29-ին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի միջոցով և հենց Գորիսում ձերբակալվել ԱԱԾ-ի կողմից։ Ըստ մեղադրանքի՝ Գալստյանը 2020-ից հավաքագրվել է Ադրբեջանի հատուկ հետախուզության ծառայության կողմից, այնուհետև զբաղվել է լրտեսությամբ։ 2020-23 թվականներին օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել ԼՂ տարածքում տիրող սոցիալ-տնտեսական, բնակչության տրամադրությունների, ռազմական գործողությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի, սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին տեղեկություններ:

Գալստյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե պաշտպանյալը ինքնախոստովանական ցուցմունք տվել է իրավապահների սպառնալիքների ներքո, այժմ պատրաստվում են դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ ատյանում։

Սարգիս Գալստյանը Լեռնային Ղարաբաղում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է ռազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, հետո աշխատել է Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։

2023-ի հոկտեմբերի սկզբին՝ լրագրող Թաթուլ Հակոբյանի հրապարակումից հետո, խոսակցություններ էին շրջանառվում, թե Ադրբեջանը Գալստյանին նշանակել է Ստեփանակերտի պարետ։ Նրա հարազատներն այս տեղեկությունները հերքում էին։

Լրագրող Հակոբյանը, «պարետության» մասին հաղորդելուց բացի, կասկածներ էր նաև հայտնել, թե Ղարաբաղում տարիներ շարունակ «միջին կարգի» պաշտոններ զբաղեցրած, նախկին նախագահ «Բակո Սահակյանի հետ քավոր-սանիկական կապեր» ունեցող, ժամանակին «Արցախի ԱԱԾ-ում աշխատած», Սարգիս Գալստյանը «դեռ 90-ականներին է հավաքագրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»: Ինչի վրա էր հիմնվում այս մեղադրանքը՝ այդքան էլ պարզ չէ։

Հրապարակաման հաջորդ իսկ օրը՝ 2023-ի հոկտեմբերի 4-ին, Հակոբյանը իր ֆեյսբուքյան գրառումից հեռացրել էր «դեռ 90-ականներից հավաքագրված» լինելու մասին ենթադրությունները։ Մինչ այդ գրել էր, թե՝ «Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել։ Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի»։

Սարգիս Գալստյանի հարազատները նրա կապը Ադրբեջանի հետ այն ժամանակ հերքում էին։ Հաստատում էին՝ նա ու նրա կինը մնացել են իրենց տանը, բայցև պնդում՝ որևէ պաշտոն Բաքվից չեն ստացել։

Սարգիս Գալստյանի եղբորորդի՝ ԼՂ ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» (կուսակցությունը առաջնորդում էր գեներալ Վիտալի Բալասանյանը) խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը դեռ հոկտեմբերին պատմել էր՝ տեղեկություններ ունի, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը հորեղբորը պաշտոնի է նշանակել․ «Հստակ չեմ կարող ասել։ Եթե Արցախից բոլոր պաշտոնյաները դուրս են եկել, հնարավոր է, որ պաշտոն են տվել, որ մնացած ժողովրդի հարցը լուծի»։

Պատգամավորը քննադատել էր լրագրողին՝ կասկածների հիման վրա նման մեղադրանքներ տարածելու համար, և հարցրել՝ եթե լրագրողը կարծում է, որ իր հորեղբայրը հավաքագրված է եղել, ապա կարող է ասել՝ այդ տեղեկությունը կամ ենթադրությունն իրեն որտեղի՞ց։

Հոկտեմբերի 16-ին գրառմամբ էր հանդես եկել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը․ «Օրերս Վարշավայում մի ադրբեջանցի դիվանագետ մոտեցավ, խոսակցության բռնվեց, Արցախի «ռեինտեգրացիայից» սկսեց պատմել ու իմ հակափաստարկներին ի պատասխան բառացի ասաց, որ «Ղարաբաղում կարևոր մի պաշտոնի հայի են նշանակել, որին Հայաստանում սկսեցին դավաճան անվանել»։ Իմ ճշտող հարցին, թե արդյո՞ք խոսքը Սարգիս Գալստյանի մասին է, Ադրբեջանցի դիվանագետը պատասխանեց «մենք իր անունը չէինք ուզում հրապարակեինք, Թաթուլ Հակոբյանը հրապարակեց»։ Թաթուլ Հակոբյանի հրապարակածը ճիշտ է, Սարգիս Գալստյանը միգուցե և պարետ չի, բայց հաստատ Բաքվի կողմից նշանակված է ինչ-որ պաշտոնի»։

2023-ի սեպտեմբերից՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի լուծարումից հետո, Ղարաբաղում ադրբեջանական վարչակազմ է հաստատվել։ Այնտեղ մնացած մարդիկ, այս կամ այն չափով, հարկադրված են եղել հարաբերվել ադրբեջանական կառույցների կամ այդ կառույցների առանձին ներկայացուցիչների հետ։