Home / Շուկա / Հայկական արբանյակի շուրջ կա կոռուպցիոն վարույթ, չկան մանրամասներ

Հայկական արբանյակի շուրջ կա կոռուպցիոն վարույթ, չկան մանրամասներ

Գլխավոր դատախազությունը հաստատել է՝ հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հոդվածը հայտնի չէ։ Կան արդյոք մեղադրյալներ՝ դատախազությունը չի ասում։ Պետական գաղտնիք է։

Քրեական գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Գործն առնչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։ Այդ ժամանակ նախարարը ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանն էր։

Վատնումների մասին հրապարակումներում շրջանառվում է հենց Խաչատուրյանի անունը։ Հայտնի չէ՝ նա հարցաքննվել է, թե ոչ։ «Ազատություն» ռադիոկայանը փորձել է մեկնաբանություն ստանալ նախագահականից, պատասխանել են՝ չեն անդրադառնալու թեմային։

«Ուրդանետա Արմսատ-1»՝ Հայասաթ 1-ը առաջին հայկական արբանյակը SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել 2022-ի մայիսին՝ Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից։ Նախագիծը համատեղ իրականացնում են հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունները։

Որքան է վճարել Հայաստանն արբանյակի և այն տիեզերք ուղարկելու համար՝ պաշտոնապես չի հայտարարվել։ Հայտնի է, որ 2022-ի ապրիլին կառավարությունը մոտ 7 միլիոն դոլար է հատկացրել իսպանական «Սատլանտիս»-ի հետ պայմանագիր կնքած հայկական «Գեոկոսմոս»-ին։

Արմսատ 1-ը մոտ 18 կիլոգրամանոց միկրոարբանյակ է, ունի հեռադիտակ և տեսախցիկ։ Նկարում է 1․65 մետր ճշտությամբ՝ 13-ից մինչև 26 կիլոմետրանոց շերտ։ Սարքը բարձր ճշգրտություն ունի՝ դրա արած լուսանկարի 1 պիքսելը պատկերում է մոտ 2 մետր տարածք երկրի վրա։ Լուսանկարները կարող են օգտագործվել ամենատարբեր ոլորտներում՝ անվտանգություն, սահմանների հսկողություն, բնապահպանություն, հանքարդյունաբերություն և այլն։

Արբանյակը կարող է աշխատել 4 տարի։

Սեփական արբանյակ ունենալու անհրաժետության մասին Հայաստանում սկսել էին խոսել 2020 թվականի պատերազմից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը տիեզերքում երեք արբանյակ ունի, որոնցից երկուսը գտնվում են բարձր գեոստացիոնալ ուղեծրում (նախատեսված են հիմնականում կապի և հեռահաղորդակցության համար), իսկ երրորդը՝ 2014-ին տիեզերք ուղարկված Ազերսքայը, երկրի ուսումնասիրության համար է։ Ազերսքայի ճշգրտությունը 1 պիքսելում 1․5 մետր է, 60կմ տարածք է ընդգրկում, արբանյակը կարող է թեքվել և կոնկրետ օբյեկտներ նկարահանել, հնարավորություն է տալիս տարածքի եռաչափ մոդելավորում անել, 12 տարվա կյանք ունի և արժի 157 միլիոն եվրո։