Երևանի քաղաքապետարանը վերջին պահին նահանջի է դիմել և հանրային տրանսպորտի նոր՝ մեկանգամյա օգտագործման ուղևորատոմս ներդրել։ Մեկ ուղևորության արժեքը սահմանվել է 150 դրամ։ Մինչ այս ընդունված նախագծով մեկանգամյա տոմսը երկու անգամ ավելի թանկ արժեր՝ 300 դրամ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ սակագինը կգործի ամբողջ 2025 թվականի ընթացքում:
«Մենք նախատեսում ենք նաև հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարաձգել ևս մեկ ամսով․ սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկ ամսվա փաթեթ, ապա ստանում եք հավելյալ մեկ ամիս», – ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտարարել է Ավինյանը։
Նա նշել է, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով։ Թանկացումները նա հիմնավորել է բերափոխումներով՝ նոր ավտոբուսներ, նոր երթուղիներ և այլն:
«Ինչ լավ ստրատեգիա է, չէ՞, տրանսպորտի գինը սարքել 300 դրամ, մարդիկ բողոքեն, հետո սարքեն 150, մարդիկ էլ ասեն՝ վայ ինչ լավ է, գոնե 300 չի, և համաձայնեն 150-ին։ Իրենք էլ ձև տան, թե լսել են ժողովրդի կարծիքն ու հաշվի առել կարիքները։ Բայց որ տրանսպորտային համակարգը շատ վատ վիճակում է, որ ժամերով ավտոբուս ես սպասում, մարդիկ խցկված, մի կերպ տեղ են հասնում, երեկոյան 9-ից հետո ավտոբուս համարյա չկա, այս նոր ավտոբուսներն էլ քարտեզի վրա ցույց չի տալիս, ոչ մի խնդիր չի լուծվում», – գրել է ակտիվիստ Անի Խաչատրյանը։
Նա առաջարկում է տրանսպորտի հարցը լուծել Քաղաքապետարանի աշխատավարձերն ու պարգևավճարները կրճատելով, պադավատներից հրաժարվելով և հանրային տրանսպորտից օգտվելով։ Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ շարունակում են բոյկոտի ակցիան․ քաղաքացիներին նրանք առաջարկում են հրաժարվել նոր սակագինը մուծելուց, շարունակել 100 դրամ վճարել։
Մինչ այս սահմանված փաթեթները՝ մեկամսյա, եռամսյա, մեկամյա և այլն, և հատուկ խմբերի համար նախատեսված արտոնությունները ուժի մեջ են մնում։ Դրանց մասին կարելի է կարդալ հղումով։