Home / Բանտ / Բանտում հացադուլ անող լրագրողի կոլեգաները բռնացրին Վրաստանի վարչապետին

Բանտում հացադուլ անող լրագրողի կոլեգաները բռնացրին Վրաստանի վարչապետին

Վրաստանում լրագրողները բողոքի ակցիա են իրականացրել Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան «Լոկոմոտիվ» մարզադահլիճի մոտ։ Պահանջում են ազատ արձակել լրագրող, «Բաթումելեբի» և «Նեթգազետի» օնլայն հրատարակչությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին։ 

Այսօր «Լոկոմոտիվ» էր այցելել վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ նոր ստադիոնի կոնցեպտը քննարկելու համար։ Մարզադահլիճի երկաթե դարպասները լրագրողների համար փակ էին։ Տարածքում ոստիկանական ջոկատներ էին հավաքվել։

Լրագրողները Մզիա Ամագլոբելիի լուսանկարներով պաստառներ ունեին և վանկարկում էին «Ո’չ օլիգարխիային»։

Ամագլոբելիին բերման էին ենթարկել հունվարի 12-ին՝ շենքի վրա «Վրաստանը գործադուլ է անում» գրառում փակցնելու համար։ Նույն օրը Բաթումիում կազմակերպված նույն ակցիայի ժամանակ ձերբակալել էին նաև այլ լրագրողների ու ակտիվիստների։ 

Ձերբակալության օրը Բաթումելեբի թերթի գլխավոր խմբագիր Էթեր Տուրաձեն պատմել էր, որ իրեն ու Մզիային նախկինում միայն մեկ անգամ էին ձերբակալել՝ Աջարիայի ինքնավար հանրապետության նախագահ Ասլան Աբաշիձեի օրոք. «Իմացան, որ լրագրող ենք ու կես ժամ պահելուց հետո ազատ արձակեցին։ Հիմա կարծես նոր փուլ ենք մտնում, որի նմանը մեր երկրում երբևէ չի եղել։ Այսպիսի բաների մասին կարդում էինք ռուսական լրատվամիջոցներում, լսում էինք մեր ռուսաստանցի կոլեգաներից»։

Ամագլոբելիին հունվարի 12-ի ձերբակալությունից հետո շուտ բաց էին թողել, հետո նորից բերման ենթարկել, այս անգամ՝ քրեական հոդվածով։ Լրագրողի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Բաթումիի ոստիկանապետին ապտակելու համար։ Ամագլոբելին մեղադրանքը հերքում է, պնդում է, որ պատահաբար է կպել ոստիկանապետին։ Նրան 4-7 տարվա ազատազրկում է սպառնում։ Ձերբակալությունից հետո լրագրողը հացադուլ է հայտարարել։

Այսօր Մզիա Ամագլոբելիի ազատ արձակման պահանջով հայտարարություն է հրապարակել նաև Եվրամիության վրացական պատվիրակությունը։