Թբիլիսիում ընթացող բողոքի ցույցերի վերջին 10 օրերի ընթացքում ուժայինների գործողություններից տուժել են ավելի քան 70 լրագրողներ և օպերատորներ, հայտնում է Վրաստանի մեդիա օմբուդսմենը։ Իրավապաշտպան կազմակերպության հրապարակած գրավոր հայտարարության մեջ շեշտվում է, որ Հատուկ քննչական ծառայությունը դեռևս պաշտոնապես չի արձանագրել լրագրողի մասնագիտական գործունեության խաչընդոտման ոչ մի դեպք։
«Դեկտեմբերի 10-ին, երբ աշխարհը տոնում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, մենք ուզում ենք հատուկ հարգանք դրսևորել վրացական լրատվամիջոցների նկատմամբ և հիշեցնել քննադատական լրագրության կարևորության մասին։ Այս օրը մենք տոնելու փոխարեն պայքարում ենք խոսքի ազատության համար։ Հետապնդումներն ու բռնությունը պետք է դադարեցվեն՝ թե՛ ակցիայի մասնակիցների, թե՛ լրագրողների ու օպերատորների նկատմամբ։ Ժողովրդավարության ամրացման համար քննադատական ԶԼՄ-ների դերն անփոխարինելի է, իսկ «Վրացական երազանքը» փորձում է լռեցնել բոլորին՝ ուժի կիրառմամբ», – ասվում է հայտարարության մեջ։
Մեդիա օմբուդսմենը նշում է, որ վերջին տարիներին լրատվամիջոցների ազատությունը Վրաստանում բազմիցս ոտնահարվում է, փորձում են խոչընդոտել ԶԼՄ-ների աշխատանքը, բռնություն են կիրառում լրագրողների նկատմամբ, մեղավորները մնում են անպատիժ։
«Վրացական մեդիա-կազմակերպությունները ստիպված են գործել օտարերկրյա գործակալ ճանաչվելու սպառնալիքի ներքո՝ ցածր տնտեսական եկամտի և «Վրացական երազանքի» քաղաքական ճնշումների պայմաններում։ Բայց չնայած ամեն ինչին, Վրաստանում ԶԼՄ-ների մի մասը շարունակում է բարեխղճորեն իրականացնել իր վերահսկող գործառույթը՝ չորրորդ կառավարության դերը, որը պայքարում է հանուն ճշմարտության և ազատության»
Իրավապաշտպան կազմակերպությունն իշխանություններին կոչ է արել հնարավորություն տալ լրագրողներին «ազատ և անխոչընդոտ լուսաբանել ընթացիկ իրադարձություններն ու Վրաստանի ժողովրդին ապահովել տեղեկատվությամբ»։
Վրաստանում բողոքի ցույցերը չեն դադարում ընտրություններից հետո։ Ընդդիմությունն ու ակտիվիստները չեն ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ «Վրացական երազանքի» հաղթանակը մերժող բողոքի ակցիաները նոր թափ ստացան, երբ վարչապետ Իրակլի Կոկախիձեն նոյեմբերի 29-ին հայտարարեց, որ Վրաստանը սառեցնում է Եվրամիությանը միանալու պրոցեսը մինչև 2028-ի վերջ և հրաժարվում է եվրոպական դրամաշնորհներից։
Բազմամարդ բողոքի ակցիաներն ընթանում են ոստիկանության հետ բախումներով։ Ուժայինները լուսաձայնային նռնակներ ու ջրցան մեքենաներ են կիրառում։ Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել կամ հոսպիտալացվել են։ Տուժածների շրջանում կան նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ ու մեդիա աշխատակիցներ, նաև՝ միջազգային գործակալություններից։