Home / Բնապահպանություն / Երևանից Քաջարանի բանվորների խնդիրները չեն երևում. նախարարը խոսեց

Երևանից Քաջարանի բանվորների խնդիրները չեն երևում. նախարարը խոսեց

ԶՊՄԿ-ում գործադուլի 7-րդ օրը ՀՀ կառավարությունն առաջին անգամ անդրադարձել է Քաջարանի բանվորների գործադուլին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մտահոգություն է հայտնել, որ արդյունաբերության առաջատարը չի աշխատում և դա «ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա»։

«Մենք բոլորս կոմբինատում ունենք մասնաբաժին, ինչի արդյունքում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 32-33 մլրդ դրամ։  Դրանով վճարվել են աշխատավարձ, կենսաթոշակ, մեր երեխաների կրթության համար է վճարվել,  ճանապարհ է կառուցվել, որից բոլորս ենք օգտվում»,- ասել է նա։  

Պապոյանը հրաժարվել է խոսել գործադուլավորների պահանջներից՝ աշխատավարձի բարձրացումից և աշխատանքային պայմանների լավացումից, թեև Կառավարությունն ընկերության 22 տոկոսի սեփականատերն է։ 

Ըստ նրա՝ այդ հարցը արհմիության և հանքարդյունաբերության համալիրի աշխատակիցների տիրույթում է։ 

Գործադուլի համակարգող խորհրդի անդամ, ԶՊՄԿ մեքենայավար Շավարշ Մարգարյանը պատասխանել է Պապոյանին ուղիղ եթեր մտնելով։

«Վեց օր իրենք անտեսել են իրենց հասարակ քաղաքացիներին, ապա հիմա գումարը արդեն խեղդում է, այսինքն՝ էն խնդիրը, որը առաջացել է, չեն կարում անտեսել։ Իհարկե, իմ համար վիրավորական է, որ մարդկանց կարողացան անտեսել, բայց գումարը՝ չէ։ Ես դրա համար եմ ստեղ կանգնած՝ սահմանափակելով էս հսկայի աշխատանքը, որ իրանք գան, տեսնեն պայմանները, նոր հասկանան՝ պետք է աշխատի էս պայմաններով, թե չէ։ Հեռակա եզրակացություններ անելը ճիշտ չի։ Դուք ստեղ չեք եղել, պարոնայք նախարարներ, պատգամավորներ։ Խնդրում եմ՝ եկեք, ներկայացեք։ Իմ համար վիրավորական է, որ դուք հեռվից՝ Երևանից, ասում եք՝ պիտի աշխատի։ Այսինքն՝ իմ իրավունքները խախտելո՞վ։ Դուք նստած եք ընդեղ իմ իրավունքները պաշտպանելու համար», – ասել է նա։ 

Գործադուլի մասնակիցները նորից հավաք են կազմակերպում ժամը հինգին՝ քննարկելու հետագա քայլերը։ 

«Երբ մենք 30 տարի աշխատում ենք սաղի համար, ընտիր է, հարկերը մուծում ենք, սաղ գրում են՝ մալադեց ԶՊՄԿ։ Հենց էդ բանվորը ձենը բարձրացնում է, դառնում ենք պրոբլեմ։ Մասսակայան գրում են՝ հիմա ժամանակը չի, ճիշտ պահը չի։ Կներեք, ճի՞շտ է, որ մեր առողջության հաշվին դուք ապրում եք»։

Այսօր նոր հայտարարություն է տարածել նաև ԶՊՄԿ-ն։ Ըստ դրա աշխատակիցները չեն կարողանում վերագործարկել արտադրությունը՝ փոքրաթիվ (մոտ 70) անձանց խմբի «հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո»։ Ընկերությունը երեք հաղորդում է տվել հանցագործության մասին։ 

«Ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի Ընկերության հետ, Ընկերության աշխատակից չի համարվում և անգամ Քաջարան կամ Կապան համայնքներից չէ։ Ընկերությունը գտնում է, որ մի խումբ անձինք անօրինական միջոցների հաշվին չպետք է կարողանան շարունակաբար խաթարել ռազմավարական նշանակության կազմակերպության աշխատանքը՝ էական նյութական վնասներ հասցնելով միաժամանակ հազարավոր աշխատողներին, համայնքներին, Հայաստանի Հանրապետությանը և Ընկերությանը», – ասված է հայտարարությունում։

Ընկերությունը չի անդրադառնում, սակայն, գործադուլավորողների պահանջներին։
Աշխատավարձի վերանայումը հանձն է առնում անել միայն գործարանի վերագործարկումից հետո՝ հանձնաժողով ստեղծելով, «քաղաքակիրթ մթնոլորտում»։ 

Աշխատանքային պայմանների բարելավման, առողջապահական ապահովագրույթան պահանջի մասով մեկնաբանություն չկա։ 

«ԶՊՄԿ-ի հայտարարությունը հետապնդում է պարզ նպատակ. իրավապահ մարմինների միջոցով համակարգող խմբի անդամներին իզոլացնել՝ հույսով, որ մարդկանց վճռականությունը կկոտրվի։ Ստեղ Շավոյի կանգնելը չի։ Ստեղ մարդիկ իրենց փողի համար են կանգնում»,- ասում է Շավարշ Մարգարյանը։ 

Ըստ նրա՝ երեկվանից ԶՊՄԿ-ն է սկսել սպառնալիքները գործադուլավորների հանդեպ, թե  հաշվեհարդար կտեսնեն նրանց հետ, եթե չաշխատեն։

«Քաջարանում բոլորը գիտեն՝ ով է սպառնալիքների լեզվով խոսում։ Սպառնալիքների լեզվով խոսում են միջին օղակի պետերը։ Ու էդ սպառնալիքները երեկվանից սկսել են»,- ասել է նա։