Վարդենիսի զինվորական կացարանում հրդեհի գործով հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանը դեկտեմբերի 20-ի նիստից փորձում էր պաշտպանվել մյուս մեղադրյալների հարցերից։ Ինժեներասակրավորական ծառայության պետ Տիգրան Ղազարյանը, որը նույնպես մեղադրյալի կարգավիճակ ունի, պնդում էր, որ Եղիշեն փախել է հրդեհի բռնկումից հետո, և ակնարկում, որ նա եղել է «անադեկվատ» վիճակում։ Եղիշեն խնդրել է խուճապի պահին իր ասած առաջին խոսքերը չօգտագործել իր դեմ․ «Դու էլ տեսար իմ վիճակը, Տիգրան ջան»։
Ղազարյանը Հակոբյանին նաև մեղադրել է, որ նա՝ լինելով սպա, զբաղվել է վառարան վառելով։ Հակոբյանը հակադարձել է՝ իրենց զորամասում իրար օգնում էին անկախ պաշտոններից։
Եղիշե Հակոբյանը հոսպիտալում ամենաառաջին ցուցմունքը տալուց չի ասել զինվորական համազգեստով հարցաքննողին, որ վառարանը վառելու պահին սենյակում իր հետ եղել են նաև վկա Ռադիկը և Լևոնը, որովհետև վախեցել է։ Դատարանում է նա միայն ավելացրել, որ Ռադիկը դուրս է եկել կացարանից հրդեհի բռնկումից հետո։
Ռադիկ Մաթևոսյանը կենդանի մնացած զինվորներից մեկն է՝ վկայի կարգավիճակ ունի։ Առերես ցուցմունք տալիս նա, հակասելով Եղիշեին, ասել է, որ վառարանը վառելու պահին եղել է խոհանոցում, գոռոցներ լսելուց հետո է եկել կացարան, բայց կրակի պատճառով չի կարողացել մտնել ներս։
Ռադիկին զենքի մատյանները վարելու կանոնների խախտման մեջ է մեղադրել վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը՝ ևս մեկ մեղադրյալ։ «Դուք էլ լավ գիտեք, որ նարյադը փոխելուց առանձին բալնիք պետք է տան, տարածքը ստուգեն։ Բայց դուք լավ գիտեք, որ փոխվավ սմենը՝ վսյո։ Մենք գիտեինք՝ քանի զենք կա ու ում մոտ, կարիք չկար առանձին ստուգելու» ։
Նիստի վերջում ցուցմունք էր տալիս նոր վկա՝ զորամասի հրամանատարի տեղակալ Ռուդիկ Հակոբյանը։ Նա է ստորագրել հրդեհային անվտանգության կանոնների մասին թիվ 900 հրամանը։ Նա դատարանին հայտնել է՝ ովքեր ի պաշտոնե պետք է հետևեին անվտանգության կանոններին, օրինակ՝ կացարանում կրակմարիչի, վառարանի տակդիրի, ավազի առկայությանը։ Դատախազի հարցին՝ տվյալ կացարանում նա տեսե՞լ է այդ իրերը, Հակոբյանը պատասխանել է, որ չի հիշում։ Նրա հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։
Ըստ հրամանատարի՝ Ազատ գյուղի կացարանի հրդեհից հետո հակահրդեհային կանոնները չեն խմբագրվել։