Home / Շուկա / Նորվեգական պահեստամասերը ռուսական բանակ էին հասնում Թուրքիայի միջոցով

Նորվեգական պահեստամասերը ռուսական բանակ էին հասնում Թուրքիայի միջոցով

Նորվեգիան ավտոմոբիլային առաջատար մատակարարներից մեկն է համարվում, ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո սանկցիաները դե յուրե արգելափակել են արևմտյան արտադրության ավտոպահեստամասերի մատակարարումը Ռուսաստան։ Բայց Նորվեգիան միլիոնավոր դոլարների պահեստամասեր է արտահանել Թուրքիա, որոնք վերավաճառների միջոցով ի վերջո հասել են հենց Ռուսաստան՝ սնուցելով ռուսական ռազմական մեքենան։ Սա պարզ է դարձել ուկրաինական «Ռադիո Սվոբոդիի» և նորվեգական հանրային հեռարձակողի՝ NRK-ի համատեղ հետաքննության արդյունքում։

Այսօր լրանում է Ուկրաինա ռուսական ներխուժման երրորդ տարին։ Պատերազմի մեկնարկից հետո Արևմուտքը լայնամասշտաբ սանկցիաներ էր սահմանել Կրեմլի դեմ։ Տրամաբանությունը պարզ էր՝ չտրամադրել Ռուսաստանին ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել բանակի կողմից, և խփել տնտեսությանը, որը սնուցում է ծախսատար պատերազմը։

Նորվեգական Kongsberg Automotive-ը պահեստամասեր է արտահանում Volvo-ի, Ford-ի, Scania-ին և Jaguar Land Rover-ի համար։ Ընկերությունում ասում են, որ 2022 թվականին սեփական նախաձեռնությամբ դադարեցրել են ուղղակի մատակարարումները դեպի Ռուսաստան՝ «ագրեսոր» պետությանն ապրանք վաճառելը համարելով «անբարոյական և դատապարտելի»։

Սակայն լրագրողների ձեռքի տակ հայտնված ռուսական մաքսային փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2022 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի ապրիլը Kongsberg Automotive-ից պահեստամասերի առնվազն 126 առաքում է եղել դեպի Ռուսաստան՝ 2․8 միլիոն դոլար հայտարարագրված արժեքով։ Առաքումներն իրականացվել են նորվեգական ընկերության՝ Թուրքիայում գտնվող հաճախորդներից մեկի՝ Hidirusta Otomotiv-ի կողմից։ Այդ ընկերությունը չէր միացել Մոսկվայի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։

Ուկրաինական պատերազմից առաջ Hidirusta Otomotiv-ը դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ չի իրականացրել։ Այս մասին են վկայում ImportGenius առևտրային մաքսային տվյալների ագրեգատորի արձանագրությունները: Պատերազմից հետո Ռուսաստանը դարձել է թուրքական այս ընկերության ամենամեծ շուկան և շարունակում է մնալ առաջատար մինչև այսօր։ Hidirusta Otomotiv-ի՝ դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների մեծ մասը պարունակել է հենց նորվեգական Kongsberg Automotive-ի պահեստամասերը, որոնց արտահանումը Ռուսաստան արգելվեր էր Եվրամիության կողմից։

Hidirusta Otomotiv-ից լրագրողների հարցմանը չեն պատասխանել։ Kongsberg Automotive-ը տեղի ունեցածը որակել է որպես «անընդունելի և մեր արժեքներին հակասող» և հայտարարել, թե տեղյակ չի եղել միջնորդավորված բեռնափոխադրումների մասին։

Նորվեգական պահեստամասեր, ռուսական ռազմական ինդուստրիա

Hidirusta Otomotiv-ը նորվեգական արտադրության պահեստամասերի մեծ մասն ուղարկել է ռուսական ընկերությունների, այդ թվում՝ A.P.R. և «Գրուզավտոզապչաստ-36»-ին, որոնք փաստագրված առևտրային կապեր ունեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ:

A.P.R. ավտոպահեստամասեր է մատակարարել «Օրենբուրգագրոսնաբտեխսերվիս»-ին՝ Ռուսաստանի ամենահին և խոշորագույն մեքենաշինական և մետալուրգիական ձեռնարկություններից մեկի՝ «Կիրովսկի գործարան»-ի գործընկերոջը, որը 2023 թվականից գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ներքո։

«Կիրովսկի գործարան»-ի դուստր ձեռնարկություններից մեկը՝ Սանկտ Պետերբուրգում տեղակայված «Ունիվերսալմաշ»-ը պահեստամասեր է մատակարարում հենց Ուկրաինայի դեմ կիրառվող ռուսական ռազմական տեխնիկայի համար:

«Գրուզավտոզապչաստ-36»-ն էլ կապեր ունի Baltic Leasing («Բոլթիկ լիզինգ») ռուսական ընկերության հետ, որն անցյալ տարի բուլդոզերներ է մատակարարել Ռուսաստանի ամենամեծ ռազմաուսումնական հաստատություններից մեկին, որն ուկրաինական պետերազմի հետ կապված պատժամիջոցների տակ է 2023 թվականից:

Հարձակողական ԱԹՍ-ների գործարկման համար հարթակ

Քաղաքացիական ֆուրգոններն ու բեռնատարները հիմա շատ մեծ նշանակություն ունեն ռուսաստան բանակի համար։

«Ուկրաինայի պատերազմը մեծապես կապված է լոգիստիկայի հետ: Ռուսաստանի ողջ տնտեսությունը նպատակն է արտադրել ապրանքներ ու ծառայություններ, որոնք հնարավոր են դարձնում այս պատերազմը: Այստեղ ամենակարևոր բաներից են բեռնատարներն ու ավտոպահեստամասերը», – «Ռադիո Սվոբոդիին» ասել է Նորվեգիայի Մարդու իրավունքների Հելսինկյան կոմիտեի ավագ խորհրդական և պատժամիջոցների ծրագրի համակարգող Օգե Բորչգրևինկը:

Քաղաքացիական բեռնատարները, ըստ նրա, օգտագործվել ոչ միայն ռազմական փոխադրումների, այլև կարող են օգտագործվել իրանական արտադրության «Շահեդ-136»-ի պես հարձակողական անօդաչու թռչող սարքերի արձակման համար։ Ռուսաստանը այս տիպի ԱԹՍ-ներն ակտիվորեն օգտագործում է Ուկրաինայի ստրատեգիկ ենթակառուցվածքներին հարվածելու համար: 2022 թվականի մարտին իրանական ռազմական ուղղվածություն ունեցող IMA Media լրատվամիջոցը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է դա աշխատում:

 

Մարդու իրավունքների Հելսինկյան կոմիտեի և Corisk ընկերության իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը 2023 թվականի փետրվարից տասնապատկել է բեռնատարների ներմուծումը:

Corisk-ի հետազոտող Էրլենդ Բոլման Բյորտվեդտն ասում է, որ Ռուսաստանն ավելի ու ավելի է ապավինում քաղաքացիական ավտոմեքենաներին՝ «ամեն ինչ՝ սննդից մինչև զինամթերք և նռնակներ առաջնագիծ» հասցնելու համար:

Սա հաստատում են նաև ռուսական լրատվամիջոցների հրապարակումները։ Ավտոմեքենաների դեֆիցիտի պայմաններում ռուսական բանակը քաղաքացիներին կոչ է անում մեքենաներ նվիրաբերել զինված ուժերին։

Անփութությո՞ւն, թե՞ պատժամիջոցների շրջանցում

Նորվեգական Kongsberg Automotive-ում հերքել են, որ կապ ունեն միջնորդավորված գործարքների հետ։

«Երբ մենք վաճառում ենք մեր ապրանքները, կորցնում ենք սեփականության իրավունքն ու վերահսկողությունը մատակարարման շղթայի վրա, անգամ եթե դրանք վերավաճառվեն մի քանի անգամ, ինչի ականատեսն ենք կարծես», – ասված է ընկերության պատասխանում:

Kongsberg Automotive-ը ընդունել է, որ չեն կարողացել պատշաճ կերպով ստուգել իր թուրք հաճախորդին։ Հետաքննությունից հետո նորվեգական արտադրողը դադարեցրել է իր հարաբերությունները թուրքական Hidirusta Otomotiv-ի հետ։

Փորձագետներն վաղուց են նշում, որ Թուրքիան արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ամենաառանցքային սողանցքն է։ Ենթադրվում էր, որ այնտեղ ապրանքներ արտահանող ընկերությունները պետք է խիստ ստուգումներ և վերահսկողություն իրականացնեն՝ Ռուսաստան հնարավոր վերավաճառքը բացառելու համար: Փաստացի դա չի արվում։

«Ռադիո Սվոբոդիի» և NRK-ի հետաքննության հրապարակումից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի պատժամիջոցների քաղաքականության հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը ասել է, որ այս դեպքը «ստվեր է գցում Եվրամիության պատժամիջոցների հետ կապված ողջ քաղաքականության և դրա արդյունավետության վրա»: