Երևանում ևս երկու հիփոթեքով կառուցվող շենք մնացել է կիսատ։ Հալաբյան 55, Ֆուչիկի 6 հասցեներում տուն գրված մարդիկ այնքան հուսահատ են, որ պատրաստ են հավելյալ վճարել, որպեսզի փրկեն կառուցապատողին սնանկությունից ու ստանան իրենց բնակարանները։
Այս առաջարկով նրանք այսօր գնացել են կառուցապատող «Արծաթ» ՓԲԸ-ի բաժնետեր, Հիքսոս հիմնադրամ։
«Առաջարկել ենք, որ մենք ներդրում անենք, գումարային տարբերությունը տանք, բայց լինի նոտարական պայմանագիր, որ սարքելու են, վերջացնեն: Տնօրենը խոստացավ երկու օրվա մեջ մեր հարցին պատասխան տալ», – լրագրողների հետ զրույցում ասել է գնորդներից մեկը։
«Արծաթ» ՓԲԸ-ի իրավաբանական հասցեն Լեռնային Ղարաբաղում է։ Տնօրեններից մեկը շվեյցարահայ մուլտի միլոնատեր Վարդան Սրմաքեշն է, ով 2011 թվականին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է ստացել Սերժ Սարգսյանից։ Մյուս բաժնետերը լիբանանահայ գործարար Սևակ Արզարունին։ Արզարունու հանդեպ նման մեղադրանքները նոր չեն։ Նախորդ տարի էլ բողոքում էին Դավթաշեն 45/5-ի գնորդները (նրանց մեծ մասը գաղթականներ են Սիրիայից և Լիբանանից), ովքեր վճարել էին բնակարանի համար, սակայն իրենց կառուցապատողը սնանկ էր ճանաչվել։ Դատալեքսում «Արծաթ» ՓԲԸ-ի և Արզարունու դեմ մոտ երկու տասնյակ քրեական և քաղաքացիական հայցեր կան, մեծ մասը գումարի բռնագանձման պահանջով։ Դատական գործերի մի մասն արդեն ավարտված է ի օգուտ հայցվորների։ 2018-ին քրեական գործ էր հարուցվել լիբանանահայ գործարարին պատկանող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊԸ-ների նկատմամբ՝ հարկերից խուսափելու հոդվածով։ ՊԵԿ-ը հայտնել էր, որ պետությանը պատճառվել է ավելի քան 425 մլն դրամի վնաս։
Հունվարին 19-ին Արզարունին հայտարարություն էր տարածել՝ իր անհաջողությունների մեջ մեղադրելով սնանկության հայցեր ներկայացնողներին։
«Նրանք, ովքեր այս պահից սկսված կդիմեն դատարան սնանկության հայցով կրելու են ընդհանուր վնասի ամբողջ պատասխանատվությունը։ Սնակության դատարան հայտնվելուց ընկերությունն ստիպված է լինելու առաջնահերթ վճարել սնանկության կառավարչի հոնորարները, բանկային վարկերը, և այլն․․․», – ասված է հայտարարության մեջ։
Ակցիայի մասնակիցների խոսքով մեղավորությունը միայն կառուցապատողինը չէ։ Արցախ բանկն, օրինակ, իրենց վճարումների 95%-ը փոխանցել է կառուցապատողին և ընդամենը 5 %-ն է սառեցրել։
«Հիմա նոր կարգավորումներ կան, այլևս բանկերը նման բաներ իրենց չեն կարող թույլ տալ։ Ժամանակին օգտվել են օրենքի բացերից և ինչ ասես արել են։ Ոչ միայն մեր կառուցապատողը։ Կան բազմաթիվ նման պատմություններ, երբ քաղաքացին մնացել է լրիվ մենակ։ Այնպիսի իրականությունում ենք ապրում, որտեղ ստիպված մենք ենք կառուցապատողի հարցերը լուծում, կառուցապատող գործընկերների միջև հարաբերությունները հարթեցնել, մենք ենք առաջարկներ անում, թե ինչպես այս կառուցապատումը պետք է ավարտվի», – ասել է ցուցարարներից մեկը։