Խոշտանգման մասին ահազանգից երեք օր անց հայտնի չէ՝ ովքեր են այն 6 ոստիկանները, որոնք Վանաձորի բաժանմունքում ենթադրաբար ծեծել և նվաստացրել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված Տիգրան Ուլուբաբյանին։ Քրեական գործով մեղադրյալներ և ձերբակալվածներ չկան։ Երեկվա մեծ բողոքի ցույցից հետո Քննչական կոմիտեն Ուլուբաբյանին կրկին հարցաքննության է կանչել։
«Հիմա ես ո՞նց էդ քաղաքում սրանից հետո ապրեմ, եթե իրանց համապատասխան օրենքով չպատժեն, դրանից հետո ես որ ըտեղ ապրեմ, պիտի վախենալով ապրե՞մ։ Կարող ա էս դեպքից հետո, մի ամսից հետո գան էլի ասեն՝ «արի գնանք երկու րոպե զրույց անենք», էլի տանեն տենց տփեն, էլի գանք ստեղ, ասենք՝ մեզ տարել են տփել, չկարանանք ապացուցենք», – ասել է Ուլուբաբյանը։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ին: Քրեական գործը հարուցվել է չորս օր անց՝ մեծ աղմուկից հետո:
Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը պնդում է, որ Տիգրանին ստիպել են իր վրա վերցնել նրա բարեկամի տնից կատարված գողությունը, ծեծել են, թքել վրան, հայհոյել, նվաստացրել, վերջում էլ՝ շանտաժի ենթարկել, որ վախենա տեղի ունեցածը հանրայնացնելուց։
Վանաձորում, ըստ նրա, երկու զինված ու դիմակավորված տղամարդիկ մտել են արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել 28-ամյա կնոջ և նրա մանկահասակ երեխայի նկատմամբ, հափշտակել տանը եղած ոսկեղենը։
Լոռու մարզային վարչության ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին։ Նրան տարել են պետի աշխատասենյակ և հորդորել ավազակությունը վերցնել իր վրա։
«Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»: Այսպես, վերջինիս քաշելով տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ էլ թվով 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ։ Այնուամենայնիվ, յոթ ժամ ոստիկանությունում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել», – գրել է փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունում Տիգրանից բացատրություն չեն վերցրել, իրեն այնտեղ պահելու վերաբերյալ արձանագրություն չեն կազմել և որևէ այլ օրինական աշխատանք չեն կատարել։ Ուլուբաբյանը տարբեր հարցազրույցներում նշել է, որ ոստիկանները կարծել են, թե ինքը միայնակ մարդ է ու հեշտ կլինի իրեն ստիպել մեղքը վերցնել իր վրա։
Երեկ հրապարակում տասնյակ մարդիկ էին հավաքվել՝ ընդդիմադիր պատգամավորներ, նախկին պաշտոնյաներ, ակտիվիստներ։ Փոքր հավաք է եղել նաև այսօր։ Ցույցի մասնակիցները տեղի ունեցածը կապում են ոստիկանական անպատժելիության (խոշտանգումների մասին հաղորդումները կանոնավոր բնույթ են կրում վաղուց), այլև արցախահայերի նկատմամբ շովինիզմի հետ։ Իշխանություններին նրանք մեղադրում են ատելությունը խրախուսելու մեջ։
Ենթադրվում է, որ բարդ չէ պարզել՝ ովքեր են մարտի 14-ին հերթապահել ոստիկանական բաժնում, ով է խոշտանգման հրաման տվել։ Ուլուբաբյանին օրեր առաջ էլ են հարցաքննել։ Նրա փաստաբանը հայտարարել է՝ խոշտանգման մասնակիցները շարունակում են պաշտոնավարել և կարող են վերացնել հանցագործության բոլոր ապացույցները։
Փաստաբանը հրապարակել է նաև ենթադրյալ խոշտանգման մասնակիցներից երկուսի անունները՝ Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյան և ոստիկան Գոռ Խարաթյան։