Այսօր Երևանի Վարչական դատարանում տեղի է ունեցել «Ա1+»-ի հայցով դատական նիստը:
«Ա1+»-ը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից (ՀՌԱՀ) պահանջում է չեղյալ համարել 2010թ. դեկտեմբերի 16-ի 96Ա որոշումը, որով «Ա1+»-ը թվային հեռարձակման թիվ 11 մրցույթում պարտվող էր ճանաչվել: Հանձնաժողովի որոշմամբ` հաղթել էր «Արմնյուզ»-ը:
Նիստին ներկա չի եղել «Արմնյուզ»-ի ներկայացուցիչը, սակայն նրանք դատարանին ուղարկել են իրենց պատասխանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ա1+»-ի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:
««Արմնյուզ»-ի պատասխանին ծանոթանալու համար դատարանը մինչև հուլիսի 8-ը ժամանակ է հատկացրել: Շատ երկար է, բայց դատարանն այդպես է որոշել: Մենք շարունակելու ենք պնդել մեր հիմնավորումները և հուսով ենք` դատարանը հաշվի կառնի դրանք: ՀՌԱՀ-ի կողմից անօրինական միջամտություն է տեղի ունեցել, և մենք պահանջում ենք չեղյալ հայտարարել մրցույթի արդյունքերը` հաշվի առնելով այդ հանգամանքը»,- ասել է փաստաբանը:
«Ա1+»-ի փոխանցմամբ` դատավոր Արգիշտի Ղազարյանը կրկին արգելել է «Ա1+»-ին նկարահանել դռնբաց դատական նիստը: