Վերաքննիչ քրեական դատարանը չորեքշաբթի օրը որոշել է մերժել 2010 թվականի ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած Վահան Խալաֆյանի գործով վերաքննիչ բողոքները:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, դատարանը նաև որոշել է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը կիրառել գործով Աշոտ Հարությունյանի նկատմամբ` նրա պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով: Դատարանը համաներում է կիրառել նաև ամբաստանյալ, Չարենցավանի ոստիկանության օպերլիազոր Մորես Հայրապետյանի նկատմամբ` նրան ազատելով պատժից:
Այս գործով բողոքներ էին բերել բոլոր կողմերը: Մեղադրողները դժգոհ էին առաջին ատյանի դատավճռով երկու ոստիկանի արդարացնելուց, գործով մեղավոր ճանաչված Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը դժգոհ էր ութ տարվա ազատազրկումից, Խալաֆյանի ծնողները, պնդելով, որ երիտասարդին սպանել են ոստիկանությունում, պահանջել էին համարժեք պատժի ենթարկել այս դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր ոստիկաններին: Դեռևս հունվարին Հարությունյանի մայրը` Զոյա Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ Խալաֆյանի մահվան մեջ իրականում մեղավոր է Չարենցավանի փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի անցած տարվա նոյեմբերի 29-ի վճռով Հարությունյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, Հայրապետյանը` երկու տարվա փորձաշրջանով պայմանական ազատազրկման: Եվս երկու ոստիկան Գարիկ Դավթյանը և Գագիկ Ղազարյանն արդարացվել էին:
Աշոտ Հարությունյանին ներկայացվել էր այս գործով ամենածանր մեղադրանքը, որի համաձայն` նրա կիրառած բռնությունների հետևանքով է Վահան Խալաֆյանը, պաշտոնական վարկածով, ինքնասպան եղել: