Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի աշխատակազմը հաստատել է Աֆղանստանում անցյալ գիշեր ադրբեջանական մասնավոր Silk Way ավիաընկերության ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունները: «Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռն անհետացել է ռադարներից Բաքվի ժամանակով 02:10-ին Աֆղանստանի Բահրամ օդանավակայանին մոտենալիս, թռիչքից մոտ 6 ժամ անց ինքնաթիռը վթարի է ենթարկվել»,- հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«18 տոննա բեռ փոխադրող ինքնաթիռում էին գտնվում նաև անձնակազմի 9 անդամներ` փորձառու հրամանատար Սերգեյ Կուզմինի գլխավորությամբ»,- նշել է ավիացիայի աշխատակազմի ներկայացուցիչը: Նա նշել է, որ տրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը այս տարի երկու անգամ` փետրվարին և հունիսին, տեխնիկական զննում է անցել և գտնվում էր սարքին վիճակում:
Ավիավթարի պատճառների հետաքննման հանձնաժողով է ստեղծվել: Անձնակազմի անդամների ճակատագիրը դեռևս ճշտվում է:
Նշենք, որ ադրբեջանական ավիաընկերությունները հումանիտար օգնություն են փոխադրում Աֆղանստան: