Home / Հայաստան / Բաքուն խորհուրդ է տալիս Մոսկվային ազդել Երևանի վրա

Բաքուն խորհուրդ է տալիս Մոսկվային ազդել Երևանի վրա

Ադրբեջանը մտահոգված է Հայաստանի տարածքում ռուսաստանցի զինվորականների ներկայությամբ: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի հարցերով Ադրբեջանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: Նրա կարծիքով` Ռուսաստանին անհրաժեշտ է Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունը փոխարինել տնտեսական գործունեությամբ:

«Ցավոք սրտի, Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Հայաստանի տարածքում պահել իր ռազմական ուժերը: Մենք Հարավային Կովկասում այդ ռազմական ներկայության ավելի ու ավելի քիչ անհրաժեշտություն ենք տեսնում, ժամանակն է զրահամեքենաները փոխարինել բեռնանավերով, այսինքն ռազմական ներկայությունը փոխարինել տնտեսականով»,- հայտարարել է նա:

Ազիմովը կարծում է, որ Ռուսաստանի շահերից կբխի համոզել Հայաստանին ընդունել բանակցությունների ընթացքում հնչող կառուցողական առաջարկները:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կարծիք էր հայտնել, որ Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանը չի օգտագործվի հակաադրբեջանական նպատակներով:

«ՌԴ-ի հետ մեր ռազմաքաղաքական համակագործակցությունը նույնպես բավականաչափ բարձր մակարդակի վրա է: Չեմ կարծում, որ Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանը այնպիսի հակաադրբեջանական գործողություն ծավալի, որը կարող է հակասել Ադրբեջանի և ՌԴ-ի փոխհարաբերություններին»,-«Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել էր Մամեդյարովը:

Մեկնեբանելով անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը` ԱԳ նախարարը նշել էր, որ Ադրբեջանը չի միջամտում Երևանի և Մոսկվայի հարաբերություններին:

«Ռուսաստանի ինքը պետք է որոշի` ինչպես է ամրապնդում և պահում իր առաջապահ դիրքերը: Մյուս կողմից` մենք, իհարկե, որոշումների առավել մեծ թափանցիկություն կցանկանայինք տեսնել, որպեսզի ամեն ինչ ավելի կանխատեսելի լիներ, և որպեսզի յուրաքանչյուրը ավելի հստակ իմանար այն դիրքորոշումը, որն ինքը պաշտպանում է»,- ընդգծել էր Մամեդյարովը: