Երևանի Աբովյան փողոցի վրա գտնվող «Գարդերոբ» խանութ-սրահի տնօրենը տեղյակ չէ Երևանի քաղաքապետարանի որոշման մասին, համաձայն որի իր, ինչպես նաև փողոցի մայթին գնտվող և երթևեկությանը խանգարող մյուս խանութները ապամոնտաժվելու են:
«Էդ ո՞նց ա լինում: Ես տեղյակ չեմ նման որոշման մասին: Մենք տարածքը վարձակալությամբ ենք վերցրել երկար տարիների համար, գնացեք տարածքի տիրոջից պարզեք»,- Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է տնօրեն Արտաշես Մաշադյանը:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանն օգոստոսի 16-ին հերթական անգամ հայտարարել է, որ Երևանի կենտրոնական և մյուս հատվածներում, մասնավորապես, Աբովյան փողոցի վրա առկա ապօրինի և չգործող կրպակներն ու խանութները պետք է ապամոնտաժվեն, և հանձնարարել է ապամոնտաժման վերաբերյալ ծանուցումը առավելագույն լսելի դարձնել:
Բացի այդ, քաղաքապետը հայտարարել էր, որ նախաձեռնությունը եկել է հենց սեփականատերերից:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցին` արդյոք ապամոնտաժվելու է Աբովյանի վրա գտնվող «Գարդերոբ» խանութը, Հայաստանի Հանրապետության և Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պատասխանել է` «այո» և հավելել. «Աբովյան փողոցի վրայի էդ կոշտ կառույցները պատրաստվում ենք ապամոնտաժել»: