«Բանակն իրականում» քաղացիական նախաձեռնության կողմից «Սևազգեստ բանակ» անունը կրող բողոքի երթին այսօր մասնակցել են բանակում զոհված զինծառայողների հարազատները, իրավապաշտպանները, մտավորականները, պարզապես քաղաքացիներ, որոնց մտահոգում է այդ խնդիրը:
Երթի մասնակիցները զոհված զինծառայողների նկարները ձեռքներին սկզբում շրջան կազմած պտտվեցին Հանրապետության հրապարակի գորգի շուրջ, հետո երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, իսկ այնտեղից Աբովյան փողոցով, Հյուսիսային պողոտայով, Ազատության հրապարակով գնացին դեպի Բաղրամյան փողոց:
Հասնելով Ազգային ժողողի շենքին` մարդիկ ցուցադրաբար թիկունքով շրջվեցին դեպի ԱԺ, ապա բարձրացան նախագահական նստավայր:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, երթի մասնակցիները սկզբում կանգնած էին նախագահականի դիմացի մայթում, իսկ երբ տեսան, որ նախագահի նստավայրի դարպասների մոտ զոհված զինծառայողների հարազատներից մի քանիսին ոստիկանները փորձում են դեպի դիմացի մայթ հրել, փողոցը հատեցին ու, կանգնելով նախագահականի դարպասների մոտ, սկսեցին վանկարկել. «Սերժիկ հեռացիր», «Սերժիկ, մարդասպան»:
Թեև ոստիկանները սկզբում սկսեցին մարդկանց քաշքշել, պահանջել, որպեսզի անցնեն դիմացի մայթ, սակայն ակցիայի մասնակիցները մնացին անդրդվելի: Քիչ անց, երբ երթի մի մասն արդեն հետ էր գնում, այնտեղ ժամանեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, ով փորձեց զրուցել զոհված զինծառայողների ծնողների հետ: Ծնողների մի մասը տեսնելով նրան չցանկացան խոսել, շրջվեցին ու հեռացան, իսկ մի քանի ծնողներ, այնուամենայնիվ, զրուցեցին նրա հետ:
2001 թվականին զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը Վովա Գասպարյանին ասաց.
«Ձեր կաբինետում ընդունելություն արեցիք, ասեցիք` մեզ պաշտպանության նախարարը հանձնարարություն է տվել, հիմա ես Պաշտպանության նախարարի տեղակալն եմ և ամեն ինչ կանեմ գործը բացահայտելու: Եվ ի՞նչ արեցիք շուրջ 10 ամսվա ընթացքում»:
«Ես երբեք իմ կենսագրության մեջ իմ ասած խոսքը գետնին չեմ գցել: Եվ Աստված թող լինի վկա: Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ գործին, դա ընթացք է, որը, հավատացեք, ես կոորդինացնում եմ, ես քննիչը չեմ : Հաստատ մի բան իմացեք, արյուն լափողի զավակը` թող արյուն լափի և դրանք քողարկողի զավակը` թող արուն լափի, և էն կսկիծը, որ դուք ունեք, եթե մեր տեսակը իր մեջով չի անցկացնում թող իր զավակը լափի դա: Չի կարելի տենց: Ես ձեր վիշտը հասկանում եմ: Ինչ ուզում ես ասա, ասա` հապաղում ես, բայց մի ասա խաբեցիր», – պատասխանել է Գասպարյանը:
Տիկին Անահիտը պատասխանել է, որ այնուամենայնիվ, ես ինքն իրեն խաբված է զգում:
Գասպարյանը պնդել է, որ գոյություն չունի չբացահատյվող հանցագործություն:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Գասպարյանը որպես պատասխանատու պաշտոնյա չի պատրաստվում հրաժարական տալ, փոխնախարարը բացասական պատասխան է տվել:
Գասպարյանը նաև նշել է, որ բանակում սպանությունների թիվը նվազել է:
Այս հարցի առնչությամբ Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասել է. «Խնդիրը այն է, որ նաև բռնություններ կան, որոնց մասին շատ քիչ է ահազանգվում կամ քիչ է բացահայտվում: Այսինքն` մեր ամբողջ խնդիրը նա է, որ բռնությունները չեն դադարում: էս տարի արդեն 22 մահացության դեպքի պարագայում, երբ ներկայացնում են ստատիստիկա, թե 40 տոկոսով նվազել է, աբսուրդ է հնչում, ի՞նչ է նշանակում 40 տոկոս, առհասարակ ինչի՞ պիտի լինի»:
Նշենք նաև, որ Գասպարյանը զոհված զինծառայողների ծնողներին առաջարկեց իր մեքենաներով ուղեկցել իր առանձնասենյակ զրույցի համար: Այդ առաջարկին համաձայնվեցին մի քանի զինծառայողների ծնողներ, իսկ մյուսներն ասացին, որ չեն ցանկանում գնալ, քանի որ գիտեն, որ դա ոչ մի օգուտ չի տա:
Նշենք, որ այսօրվա ակցիայի նախաձեռնողներից մեկը` «Հույս» հ/կ-ի ներկայացուցիչ Լալա Ասլիկյանը լրագրողներին տեղեկացրել է, որ «Չենք լռելու» նախաձեռնության անդամները կառավարության շենքի դիմաց հեռուստաընկերությունների հետ զրույցում նշել են, որ ակցիան իրենք են կազմակերպել, որից հետո անհետացել են, մինչդեռ, Ասլիկյանի խոսքով, նրանք այս ակցիայի կազմակերպման հետ ոչ մի առնչություն չունեն: