Այն հայերի համար, ովքեր վաղուց մտածում էին, որ արտագաղթն ավելի պայծառ տնտեսական ապագա ունենալու հնարավորություն է, ներկայիս քաղաքական ճգնաժամը դրդում է նրանց ակտիվ գործողությունների դիմել: Այս մասին 2008 թվականի մայիսի 2-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկած փաստաթղթում գրում է ԱՄՆ փոխդեսպան, գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը (լուսանկարում):
Դիվանագետը նշում է, որ բացի այն 20 կամ մի փոքր ավել մարդկանցից, ովքեր մարտի 1-ի բախումներից և արտակարգ դրությունից հետո եկել էին դեսպանատուն՝ ապաստան խնդրելու նպատակով, մեծ թվով միջին խավի հայաստանցիներ են հայտնվել, որոնք նույնպես ցանկանում են լքել երկիրը:
«Միջին խավը ներկայացնող մեծամասամբ հաջողակ քաղաքացիներն ասում են մեզ, որ ճգնաժամը մեծ դեր է ունեցել արտագաղթելու մասին որոշման կայացման հարցում, քանի որ ներկայիս իրավիճակը կոտրել է այն բոլոր հույսերը, որ նրանք ունեին կայուն և անկախացած Հայաստանի վերաբերյալ: Շատերն ասում են, որ ճգնաժամի պատճառով ստեղծված քաղաքական անկայությունը ևս մեկ տարր է ավելացրել իրենց բազմաթիվ մտահոգություններին, որոնց մեջ են մտնում նաև տնտեսական անկայունությունը և վատթարացող միջավայրը, որում նրանք ստիպված են երեխաներին մեծացնել», – գրում է Փենինգթոնը:
Շատերը նաև նշում են, որ իրենք շարունակական բորոյական անկում են տեսնում հասարակության մեջ, որտեղ հարուստ, լավ կապեր ունեցող, օրինախախտ վերնախավը ոտնահարում է սովորական հայերի իրավունքները:
«Արտագաղթի հանգամանքը նորություն չէ Հայաստանի համար: Հաշվարկները ցույց են տալիս, որ ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո Հայաստանը արտագաղթի հետևանքով կորցրել է 1 միլիոն քաղաքացի, այսինքն` մինչ անկախացումը եղած 3,5 միլիոնի մոտ մեկ երրորդը:
Այդուհանդերձ այդ գործընթացում նոր է հաջողակ միջին խավի արտագաղթը: Այս անհատների կորուստը շոշափելի է. նրանք կմնային, եթե վստահ լինեին, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է ընթանում: Բայց վրանները հենց հիմա`Հայաստանի համար կարևոր այս քաղաքական ճգնաժամից հետո հավաքելու նրանց որոշումը խոսում է այն մասին, որ լուրջ հիվանդությունն իր արմատներն է գցել հասարակության մեջ: Հիասթափված մարդիկ, թվում է, կորցրել են հավատն առ այն, որ կառավարությունը մտածում է իրենց բարեկեցության ավելացման մասին կամ առաջ է շարժվում», – իր մեկնաբանության մեջ նշում է ամերիկացի դիվանագետը: