Երեկվանից սկսած Գյումրիի ոստիկանությունը ահաբեկում է բոլոր այն վարոդներին, որոնք համագործակցում են Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի շտաբի հետ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Կոնգրեսի Գյումրիի շտաբի պետ Աշոտ Զաքարյանը:
«Բոլոր վարորդներին հրավիրել են ոստիկանություն և ահաբեկել են ու զգուշացրել, որ վաղվա հանրահավաքին մարդ չտեղափոխեն: Իսկ եթե նման բան անեն, պրոբլեմներ կունենան իշխանությունների, հարկայինի և ոստիկանության հետ: Նույնիսկ մի քանի վարարորդներից նրանց մեքենաների համարն են վերցրել: Անհատ վարորդների ևս ահաբեկել են, որ նրանք էլ վաղը մարդ չտեղափոխեն հանրահավաքի», – ասել է Աշոտ Զաքարյանը:
Նրա խոսքով` այս ահաբեկումը կատարվում է Շիրակի մարզի ոստիկանության, Գյումրի քաղաքի ոստիկանության վարչության բաժնի պետերի և տեղակալների գլխավորությամբ:
«Ամեն անգամ էլ փորձում են խոչընդոտել մեր տեղաշարժը, բայց մենք միշտ Երևան հասել ենք: Այս անգամ էլ մասնակցելու ենք շատ ավելի մարդկանցով: Ալտերնատիվ ճանապարհներ գտնելու ենք հանրահավաքին անպայման մասնակցելու համար»,- ասել է Զաքարյանը:
Վերջինս նշել է, որ իրեն նաև տեղեկություններ են հասել, որ վարորդների ահաբեկման գործին մասնակցում է ոչ միայն ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, այլև ռազմական ոստիկանությունը, ինչը Զաքարյանի համար զարմանալի է թվում:
«Նրանց արածներն անօրինականություն է և ինչ-որ մի օր պատասխան են տալու, թե հրաման տվողները, թե կատարողները: Մենք անհատական անուն-ազգանունով գիտենք, բաժնի պետերին էլ, տեղակալներին էլ, տեսուչներին էլ, որոնք վարորդների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարել: Բոլորն էլ պատասխան են տալու», – ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: