Չորեքշաբթի կյանքի 56-րդ տարում մահացած Apple ընկերության նախկին գործադիր գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի հուղարկավորության արարողությունը կանցկացվի բուդդիստական ավանդույթների համաձայն:
Ւր համոզմունքներով Ջոբսը բուդդիստ էր: Այս կրոնը նա ընդունել է 1973 թվականին` Հնդկաստան կատարած այցից հետո: Հանուն այդ ճանապարհորդության նա անգամ թողել էր ուսուցումը ԱՄՆ-ի հումանիտար քոլեջում: Apple-ի համահիմնադիրը հայրենիք էր վերադարձել սափրած գլխով և հնդկական ավանդական հագուստով:
Սակրամենտո քաղաքի ներկայացուցիչների խոսքով` հանգստյան օրերին անցկացվելիք հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու միայն ամենամտերիմ մարդկանց ներկայությամբ, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը Ջոբսի մոտ հայտնաբերվել էր 2003 թվականի սկզբին: 2009-ի ապրիլին նրան վիրահատել էին, բժիշկների կանխատեսումները լավատեսական էին: Սակայն 2011-ի հունվարին Apple-ի ղեկավարությունը հայտարարեց, որ առողջական խնդիրների պատճառով Ջոբսն անորոշ ժամանակով հեռանում է: Ջոբսն օգոստոսին հրաժարվեց կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտոնից՝ ստանձնելով տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: