Հրատարակիչ, հասարակական ակտիվիստ, քրդական խնդիրներով զբաղվող Ռագիփ Զարաքոլուն, ում Թուրքիայի իշխանությունները արգելված քրդական կազմակերպությունների հետ կապեր ունենալու մեղադրանքով ձերբակալել են հոկտեմբերի 28-ին, առաջին բաց նամակն է գրել ազատազրկման վայրից:
Հիշեցնենք, որ Զարաքոլուն զբաղվում է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդրով, նա նաև մի շարք գրքեր է հրատարակել Հայոց Ցեղասպանության մասին: Նրա որդին` Դենիզ Զարաքոլուն, նույնպես ձերբակալված է: Թուրքիայի հակաահաբեկչական մարմինները նմանօրինակ գործողություններ են կազմակերպել նաև կասկածելի համարվող «Քուրդիստանի համայնքների միության» անդամների նկատմամբ` բերման ենթարկելով 41 անձանց:
«Իմ ձերբակալությունը և մեղադրանք առ այն, որ ես հանդիսանում եմ արգելված կազմակերպության անդամ, ընդամենը մի արշավի մաս է կազմում, որի նպատակն է ճնշել ինտելեկտուալներին և ժողովրդավարներին և քրդերին զրկել ամեն տեսակի օգնությունից», – ասված է նամակի մեջ:
Զարաքոլուն նշում է, որ իր տանը խուզարկության ժամանակ ոստիկանությունն ընդամենը մի քանի գիրք է առգրավել որպես «հանցագործության վկայություն» և չի հայտնաբերել ոչինչ, ինչը կապացուցեր իր կապը որևէ արգելված կազմակերպության հետ:
Նա նշել է, որ առգրավված գրքերի թվում Հայոց Ցեղասպանությանը և հայ ժողովդրի պատմությանը վերաբերող երեք ձեռագրեր են եղել:
Զարաքոլուն նաև նշել է, որ ոստիկանությունը սառեցրել է իր բոլոր հաշիվները և առգրավել բանկային քարտերը:
Հրատարակիչն ասել է, որ գալիք շաբաթների ընթացքում ինքը հրավիրված մի շարք գիտաժողովներին մասնակցելու, մասնավորապես, Գերմանիայում և ԱՄՆ-ում, և այժմ Թուրքիայի կառավարությունը պետք է պատասխան տա կազմակերպիչներին, թե ինչու ինքը չի մասնակցում գիտաժողովներին:
«Իմ հարցաքննության ժամանակ իրենք ոչ մի հարց չեն տվել այն կազմակերպության մասին, որի անդամ լինելու մեջ ես մեղադրվում եմ: Նրանք ինձ հարցեր են ուղղել իմ գրած կամ հրատարակած գրքերի, ինչպես նաև այն հրապարակային ելույթներիս մասին: Իմ կարծիքով` բոլորը պետք է միասին արձագանքեն ձերբակալությունների այս արշավին, որը վերածվել է կոլեկտիվ Լինչի դատաստանի: Այս անօրինական գործողություններին պետք է վերջ դրվի», – իր նամակը եզրափակել է Զարաքոլուն: