Ծագումով հնդիկ, բրիտանացի գրող Սալման Ռուշդին հայտարարել է Facebook սոցիալական կայքի և դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգի նկատմամբ տարած իր սկզբունքային հաղթանակի մասին:
Երկուշաբթի` նոյեմբերի 14-ին, գրողը բողոքել էր նրանից, որ չի կարողանում օգտվել Facebook-ի իր էջից: Կայքի աշխատակազմը առանց Ռուշդիի համաձայնության փոփոխել էր նրա անունը` Սալմանը Ահմեդ դարձնելով` միաժամանակ պահանջելով հաստատել իր ով լինելը:
Հեղինակը Twitter-ում վրդովված գրել էր. «Որտե՞ղ ես թաքնվում, Մարկ (նկատի ունի Ցուկերբերգին): Հայտնվի´ր և վերադարձրու ինձ իմ անունը»:
Օգտատերերը պաշտպանել են գրողին: Արդյունքում կայքի աշխատակազմը վերադարձրել է Ռուշդիին իր գրական կեղծանունը. «Facebook-ը հանձնվել է: Ես կրկին Սալման Ռուշդի եմ: Այսպես շատ ավելի լավ է: Իմ տարիքում անձի հաստատման հետ կապված խնդիրները ուրախություն չեն պատճառում»,- ընդգծել է նա:
Նշենք, որ հեղինակի ամբողջական անունը Ահմեդ Սալման Ռուշդի է: Երկրորդ անունը դարձել է ողջ աշխարհում հայտնի նրա ստեղծագործական կեղծանունը:
Ինչպես նշում է Newsru.com-ը, վերջերս Ցուկերբերգի ընկերությունը սկսել է բավական ուշադիր վերաբերվել օգտատերերի անձնական տվյալներին` նպատակ ունենալով կրճատել կեղծ օգտատերերի թիվը:
Ռուշդին առավել հայտնի դարձավ այն բանից հետո, երբ համարձակվեց նկարագրել Մուհամեդ մարգարեին իր «Սատանիստական բանաստեղծություններ» վեպում: Այդ քայլի համար 1988 թվականին իրանցի իմամ այաթոլլա Հոմեյնին անեծք է դրել գրողի վրա` կոչ անելով մահմեդականներին վրեժ լուծել սրբապիղծ հեղինակից: