Ուրբաթ` նոյեմբերի 11-ին Թուրքիայի Մարմարա ծովում Կոջաելիից Իզմիթ ուղևորվող լաստանավի 17 ուղևորների և անձնակազմի 4 անդամներին պատանդ վերցրած Մենսուր Գյուզելը ազգությամբ հայ է, երեկվա իր համարում պնդել է թուրքական «Վակիթ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն շաբաթ հայտարարել էր, որ ահաբեկիչը միայնակ է գործել և սպառնացել է գործի դնել պայթուցիկներ: Թուրք ուժայինները օպերատիվ գործողությունների արդյունքում սպանել են ահաբեկչին:
«Վակիթ» օրաթերթը վստահեցնում է, որ ահաբեկիչը ծնվել է Դիարբեքիրի հին հայկական Կուլպ գյուղում: Թերթը գրում է նաև, որ նրա պապիկի անունը Հակոբ է եղել:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Ստամբուլից, տվյալ հրապարակումը քննարկումների առիթ է դարձել և քննադատության է արժանացել տարբեր լրատվամիջոցների կողմից: Որոշ լրագրողներ գրում են, որ այս հանցագործությունը հայի հետ կապելը հայերի նկատմամբ ատելության սերմանում է:
Իրադարձությունը քննարկող լրագրողներն ու բլոգերները վստահեցնում են, որ ցանկացած հանցագործություն հայերի հետ կապելն այս թերթի քաղաքականությունն է: