Իտալական հայտնի Benetton ընկերությունը ստիպված է եղել շրջանառությունից հանել ֆոտոմոնտաժի միջոցով արված սկանդալային գովազդային պաստառը, որի վրա պատկերված է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի և եգիպտական իմամ Ահմեդ ատ-Թայիբի համբույրը:
Դա տեղի է ունեցել հավատացյալների բազմաթիվ բողոքներից հետո:
«Մենք ցավում ենք, որ կերպարի օգտագործումը վիրավորել է հավատացյալների զգացմունքները»,- հայտարարել է ընկերությունը, որի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «այս գովազդային արշավի իմաստը ատելության մշակույթին դեմ պայքարելն է»:
Benetton-ի ֆոտոմոնտաժը քննադատության է արժանացել Վատիկանի կողմից: Վատիկանի մամլո ծառայության քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ «խոսքը գնում է Պապի նկատմամբ անհարգանքի դրսևորման և հավատացյալների զգացմունքների վիրավորման մասին»:
Benetton-ի գովազդային արշավներում օգտագործվում են տարբեր քաղաքական գործիչների համբույրների տեսարաններ, նրանց թվում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուն և Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը և այլք: