Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետության անունից ներողություն է խնդրել 1930-ականների վերջին Դերսիմում իրականացված սպանդի համար: Նշենք, որ 1939 թվականին Թուրքիայի կառավարությունը զանգվածային սպանությունների է ենթարկել իր դեմ բողոքող քաղաքացիներին` կոտորելով 10 հազարից ավելի մարդկանց:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News–ը, իր ելույթում Էրդողանն ընդգծել է այն փաստը, որ պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի Հանրապետության ներկայացուցիչը ներողություն է խնդրում պետության կողմից իրականացված հանցագործությունների համար:
Նա վստահություն է հայտնել, որ այդ տարիներին երկիրը ղեկավարող «Հանրապետական ժողովրդական կուսակցությունը» (CHP) պատասխանատու է ալևիներով բնակեցված տարածաշրջանում (ներկայիս Թունչելի) ռազմական գործողությունների համար, և կուսակցության այժմյան ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի այդ իրադարձությունների համար:
«Եթե պետությունը պետք է ներողություն խնդրի և եթե նման նախադեպ գոյություն ունի, ապա ես ներողություն եմ հայցում: Այդուհանդերձ, եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի և պատասխանատվություն կրի այդ ողբերգության համար, դա AKP-ն կամ AKP-ի ղեկավարությունը չէ, այլ CHP-ն` պատմության այս արյունոտ դրվագի հեղինակը, ինչպես նաև CHP-ի պատգամավորները և CHP-ի նախագահը. որը ծագումով Թունչելիից է», – ասել է վարչապետը` իր ղեկավարած իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) անդամների հետ հանդիպման ժամանակ` ակնարկելով CHP-ի նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուին:
Քաղաքական վերլուծաբան Դողու Էրգիլը Hürriyet Daily News-ի հետ զրույցում նշել է, որ ներողություն խնդրելը նշանակալից փաստ էր և որ վարչապետը չպետք է բավարարվի մեկ ներողությամբ:
«Հետաքրքիր է, արդյո՞ք Էրդողանը նույնը կաներ, եթե մեղադրյալները մոտ կանգնած լինեին իր քաղաքական հայացքներին», – ասել է նա:
Նրա խոսքով` բանավեճը չպետք է սահմանափակվի Դերսիմի սպանություններով:
«Թուրքիան պետք է ներողություն խնդրի 1915 թվականի հայերի սպանությունների և 1955-ի սեպտեմբերի 6-7-ին (այդ օրերին Թուրքիայի կառավարությունը բոլոր ոչ մահմեդական փոքրամասնություններից խլել է գույքն ու ունեցվածքը – խմբ.) տեղի ունեցած իրադարձությունների համար, իրադարձություններ, որոնք ազգային փոքրամասնությունների զանգվածային արտահոսքի համար խթան եղան», – ասել է Էրգիլը:
Իր հերթին, Էրդողանը շարունակել է կշտամբել CHP-ի ղեկավար Քեմալ Քիլիջդարօղլուին, ով Դերսիմի սպանությունները համեմատել էր հայերի ցեղասպանության հետ: Էրդողանը խոստացել է «իր տեղը ցույց տալ» յուրաքանչյուրի, ով կհամարձակվի նման համեմատություն անել: