Home / Հայաստան / Զուրաբյանը համոզված է, որ ՀԱԿ-ը հաղթելու է 2012-ի վճռական ճակատամարտում

Զուրաբյանը համոզված է, որ ՀԱԿ-ը հաղթելու է 2012-ի վճռական ճակատամարտում

Երեկ ՀՀՇ երիտասարդական միությունն անցկացրեց իր 13-րդ համաժողովը, որի ընթացքում ընտրվեց նոր գործադիր խորհուրդ: Խորհրդի կազմում ընդգրկվեց 7 մարդ` քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, Բաբկեն  Ուռուտյանը, Արման Գալոյանը, Սարգիս Գևորգյանը, Քրիստինե Սարգսյանը, Եվա Թովմասյանը, Արշակ Մուսախանյանը:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, համաժողովին մասնակցում էին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն ու Կոնգրեսում ընդգրկված կուսակցությունների երիտասարդական միությունների անդամները:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում երիտասարդներին ասել է, որ  առաջիկա տարին լինելու է շատ ծանրաբեռնված:

Նա ընդգծել է, որ ՀՀՇ աշխատելու է արտահերթ ընտրությունների համար, որոնց պետք է հասնել փետրվար-մարտ ամիսներին, սակայն եթե դա չհաջողվի, ապա զուգահեռաբար կառույցը պետք է պատրաստվի մասնակցել մայիսի անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր ելույթում նույնպես անդրադարձել է հաջորդ տարվա ընթացքում սպասվող գլխավոր մարտահրավերին:

«2012 թվականին ունենալու ենք, միգուցե, մեր ամենակարևոր ճակատամարտը: Ընդհանրապես մենք 4 տարի այս ծանր պայքարը տանելով, առանց ընտրությունների այս քաղաքական անապատն անցնելով` համարյա առանց կորուստների  մոտեցել ենք մեր շարժման համար ամենահանգրվանային, ամենակարևոր իրադարձություններից մեկին: Մենք իսկապես 2012-ին ունենալու ենք մեր շարժման,  մեր պայքարի համար ամենավճռական ճակատամարտը և դրան պետք է պատրաստ լինենք նաև տեղեկատվական կոմունիկացիոն տեխնոլոգիաների առումով: Ես վստահ եմ, որ մեր ապագայի, մեր ազգի համար, մեր պետության համար, մեր պայքարի ու մեր շարժման համար ամենավճռական ճակատամարտում մենք հաղթելու ենք», – հայտարարել է ՀԱԿ համակարգողը:

Լուսանկարները` Գեղամ Մելքոնյանի