Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ որևէ փոփոխություն չի արձանագրվել. այս մասին վկայում են բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի վերլուծական հավելվածի փորձագետները։
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը, հանդեսն անցած շաբաթավերջին նոր զեկույց է հրապարակել աշխարհի 165 երկրներում ժողովրդավարության վերաբերյալ, որտեղ Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցողների շարքում։ Այս երկրներում, ըստ «Էկոնոմիստ»-ի պարզաբանման, ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են էական խախտումներով, կոռուպցիան գրեթե համատարած է, օրենքի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը` թույլ։ Նման ռեժիմներին բնորոշ են նաեւ լրագրողների նկատմամբ հալածանքները, դատական համակարգը անկախ չէ:
Ժողովրդավարության վերաբերյալ այս գնահատականը փորձագետները տալիս են` հաշվի առնելով հինգ հիմնական չափորոշիչ, այդ թվում` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում։ Ըստ այդմ, այս տարվա զեկույցում Հայաստանը այս հինգ չափորոշիչներով ստացել է նույն գնահատականները, ինչ նախորդ` 2010 թվականին. 10-բալանոց համակարգով, մասնավորապես, կրկին միջինից ցածր` 3 ու մի փոքր ավելի միավոր են ստացել Հայաստանի կառավարման արդյունավետությունն ու քաղաքական մշակույթը, ամենաբարձրը գնահատվել է քաղաքացիական ազատությունների ոլորտը՝ գրեթե 6 միավոր։
Ի տարբերություն Հայաստանի, որն այս տարի որևէ տեղաշարժ չի արձանագրել, ԱՊՀ-ի մի շարք պետություններում, այդ թվում` Ռուսաստանում ու Ադրբեջանում, հետընթաց է նկատվել։ Ռուսաստանը, որը անցած տարի դասվել էր Հայաստանի հետ նույն` հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների թվում, այժմ հայտնվել է ավտորիտարների կողքին, Ադրբեջանում հետընթաց է ապրել մամուլի ազատությունը։