Home / Հայաստան / Էրդողան. Ցեղասպանություն չտեսնել ցանկացողները, պետք է վերանայեն սեփական կեղտոտ և արյունոտ պատմությունը

Էրդողան. Ցեղասպանություն չտեսնել ցանկացողները, պետք է վերանայեն սեփական կեղտոտ և արյունոտ պատմությունը

Այսօր ոչ ոք չի խոսում 1945 թվականին 45,000 ալժիրցիների մահվան կամ 1994 թվականին Ռուանդայում 800,000 մարդկանց սպանդի գործում Ֆրանսիայի ունեցած դերի մասին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը`հերթական անգամ անդրադառնալով դեկտեմբերի 22-ին ֆրանսիական խորհրդարանում քննարկվելիք «1915 թվականին Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի» հարցին և կոչ անելով Ֆրանսիայի իշխանություններին ուրիշների պատմությունը քաղաքական դրդապատճառներից ելնելով դատապարտելուց առաջ սեփական պատմությանը նայել:

«Նրանք, ովքեր չեն ցանկանում ցեղասպանություն տեսնել, պետք է վերանայեն սեփական կեղտոտ և արյունոտ պատմությունը»,-ընդգծել է Էրդողանը` Լիբիայի Անցումային Խորհրդի նախագահ Աբդուլ Ջալիլի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Անկարայի նախազգուշացումներից անդրդվելի մնացող Սարկոզիի իշխող կուսակցությունը վերահաստատել է օրինագիծն ընդունելու հարցում իր վճռականությունը: Օրենսդիրները Agence France-presse-ին հայտնել են, որ իրենք «այս ողջ ընթացքում վճռական են գործել», որպեսզի Սենատը հետ չուղարկի օրինագիծը, ինչպես 2006 թվականին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը 2001 թվականին ճանաչել էր Հայոց Ցեղասպանության փաստը: 2006 թվականին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել էր նաև Հայոց Ցեղասպանության փաստին առնչվող ևս մեկ օրինագիծ, համաձայն որի, յուրաքանչյուր ոք, ով կժխտի Ցեղասպանության փաստը, քրեական հետապնդման կենթարկվի: Վերին պալատը, սակայն, չէր հաստատել տվյալ օրինագիծը: